Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երևանի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջանի մի հատվածն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, գրում է «168 ժամ» թերթը:
Վերջինս, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը։ «168 ժամ»-ի տեղեկություններով` այդ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաև ԲՀԿ անդամ Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն։ Բացառված չէ, սակայն, որ Գուրգեն Արսենյանը առաջադրվի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Զոհրապ Զոհրապյանը։ Թերթի հետ զրույցում Արսենյանը չի բացառել այս ընտրատարածքներից որևէ մեկում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել: