Ռուսաստանյան ժամանակակից կինոն հայ հեռուստադիտողի մոտ, թերևս, ասոցացվում է 90-ականների օրենքով գողերի մասին պատմող հեռուստասերիալների, ուհա-ականների և ուրգանտների մասնակցությամբ մեկանգամյա դիտման, զվարճացնող ֆիլմերի կամ հին, բարի խորհրդային կինոնկարների ժամանակակից ռիմեյքների հետ, որտեղ բեզրուկովները ինքնադրսևորվելու առիթ են ստանում, իսկ տարիքով աստղերին հնարավորություն են տալիս մի քիչ փող աշխատել:
Այդ կինոն միշտ չէ, որ շահույթ է խոստանում և ոչ էլ էկրանային հորիզոնն է փակում, բայց լավ ֆիլմեր Ռուսաստանում դեռևս (կամ արդեն) նկարահանում են: Դրանում համոզվել են բոլոր նրանք, ովքեր երեկ եկել էին Մոսկվայի Տուն, որտեղ ցուցադրվում էր Ռուսաստանյան կինոշաբաթի շրջանակներում Հայաստան բերված ֆիլմերից, թերևս, ամենատպավորիչը` «Իմ հայրը Բարիշնիկովն է» ֆիլմը:
Ռեժիսորներ Դմիտրի Պովոլոցկին և Մարկ Դրուգոյը ֆիլմի միջոցով ներկայացնում են Մոսկվայի ակադեմիական Մեծ Թատրոնի բալետի դպրոցի սան Բորյային, ով միայն իր կերպարով արդեն իսկ վառ գույներով է ներկում 1980-ականների ֆոնը` համընդհանուր դեֆիցիտ, Աֆղանստանի հաշմանդամ վետերաններ, Վերակառուցման ժամանակաշրջան:
Նիհար և անհրապույր Բորյան, սակայն, չի կորցնում իր հմայքը:
Նրան ծաղրում են` «բալետի պարուհի» անվանելով, իսկ նա անչափ շատ է ցանկանում պարել դասարանի ամենագեղեցիկ աղջկա հետ, որի հայրը գեներալ է: Բորյայի մայրը (դերում` ռեժիսոր Նիկիտա Միխալկովի դուստրը) աշխատում է «Ինտուրիստում» և տուն է բերում անծանոթ տղամարդկանց: Ամուսինը բանտում է: Եվ ահա այս ամենից հետո Բորյան որոշել է, որ ինքը մեծանուն Միխայիլ Բարիշնիկովի (խորհրդային և ամերիկյան բալետի պարող, բալետմեյստեր) որդին է:
Դահլիճում քիչ էին երեխաները և դեռահասները, մինչդեռ վստահորեն կարելի է ասել, որ ֆիլմը անդրադառնում է այն խնդիրներին, որոնք ավելի քան արդիական են մերօրյա դպրոցականների համար:
Եվ եթե դեֆիցիտն ու վերավաճառողների հետ սակարկելու հարցը մնացել է անցյալում, ապա շատ ընտանիքներում վիճակը չի փոխվել: Իսկ դեռահասների շրջանում տարածված «անհաջողակների» ու «հեղինակությունների» միջև բարդ հարաբերությունները մնում են մշտական և անփոփոխ խնդիրների թվում:
Հանդիսատեսը ողջ ֆիլմի ընթացքում զարմանալի ուշադրություն էր ցուցաբերում, և անգամ բջջայինները չէին զանգում:
Ֆիլմի հերոսներին հետևելիս դահլիճը միանվագ կարեկցանքով հոգոց էր հանում և ժպտում էր: Հատուկ ակտիվություն էր ցուցաբերում մի տարեց կին, ով լրացնում էր ֆիլմն իր մեկնաբանություններով, ինչպես, օրինակ, «մենք այ դրանից ունեինք», երբ էկրանին հայտնվում էր այդ տարիների հեռախոս:
Ցուցադրության ավարտից հետո, ոչ մի սեանս բաց չթողած կինը դիմեց հեռակառավարման վահանակի մոտ նստած երիտասարդին:
-Վաղը ի՞նչ է սպասվում:
-Չեմ ասի:
Կինը շփոթվեց
-Ես պարզապես ուզում եմ իմանալ, վաղը ի՞նչ ֆիլմ է լինելու:
Կողքին կանգնած կինոսիրահարները բարեհամբույր կերպով բացատրեցին, որ վաղը ցուցադրվելիք ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է `«Չեմ ասի»: