Home / Հայաստան / Բնակչությունը քիչ է սնվում, վերնախավը շատ է լափում. տարրական գործընթաց` ըստ ՀՅԴ-ականի

Բնակչությունը քիչ է սնվում, վերնախավը շատ է լափում. տարրական գործընթաց` ըստ ՀՅԴ-ականի

Սոցիալիստի տեսանկյունից այսօր Հայաստանում տարրական գործընթաց է տեղի ունենում` բնակչությունը ավելի ու ավելի քիչ է սնվում, քանի որ վերնախավն ավելի շատ է լափում: Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Եվ եթե ողջ աշխարհում հասարակությունը ձախականացվում է, ապա Հայաստանում ընթացքը ոչ թե դեպի աջ է ուղղվում կամ ձախ, այլ բացառապես դեպի ներքև: Այս համատեքստում այլևս չես խոսում հայկական հասարակության «ձախականության» մասին, հասարակության աղքատացում է ընթանում: Այս գործընթացը կարող է հանգեցնել զանգվածների ձախականացման, բայց կարող է և ավարտվել անարխիզմով: Եվ նման վտանգը բավական իրական է», – պարզաբանել է նա:

Խոսելով Ռուսաստանում հետընտրական գործընթացների ` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին, դաշնակցական գործիչն ասել է.

«Մեր վերնախավը ոչ մի լավ բան չի սովորում և միայն բացասականն է ընդօրինակում: Այն մոտավորապես այսպես է դատում. «Եթե «Եդինայա Ռոսիան» նկարելով իր ձայների 15-17%-ը, չի հասել հաջողության, ապա մենք պետք է նույն կերպ վարվենք, միայն թե սխալ թույլ չտանք»:  Այսինքն վերնախավը չի մտածում քաղաքական մոտեցումների փոփոխության մասին: Եկեք չմոռանանք նաև այն մասին, որ հասարակության ռուսաստանյան մակարդակը և մերը տարբեր են: Մեր ընդդիմադիր էլեկտորատն աղքատ բնակչությունն է, իսկ Ռուսաստանինը` կրթված, միջին դասի կուշտ ներկայացուցիչները, որոնք գիտակցում են, որ երկիրը նավթի և գազի պաշարների վրա երկար չի դիմանա»: