Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթանում է, ձերբակալվածներ դեռևս չկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երիտասարդին խելագարության հասցնելու վերաբերյալ զինվորի հոր՝ Վարդան Վարդանյանի հայտարարությունների առիթով զինվորական դատախազությունը ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով սեպտեմբերի 6-ին քրեական գործ էր հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:
Հովհաննես Վարդանյանն Ասկերանից տեղափոխվել էր «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի «Նորք» հոգեբուժական կլինիկա, որտեղ քսանչորս օր բուժումներ ստանալուց հետո տեղափոխվել էր տուն:
Ավելի վաղ Epress.am-ի զրույցում Վարդան Վարդանյանի նշել էր, որ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո Հովհաննեսն իրեն համեմատաբար լավ է զգում: Երիտասարդը, բացի տարածքային բժշկի մոտ բուժումներ ստանալուց, բուժման կուրս է անցնում նաև մասնավոր հոգեբույժ-հոգեբանի մոտ: