Հայկական հեռուստաալիքները փորձում են կրկնօրինակել ԱԼՄ-ին, համոզված է «ԱԼՄ հոլդինգի» նախկին սեփականատեր, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Հրապարակ» թերթի հետ զրույցում նա նշել է, որ հեռուսաալիքները կրկնօրինակում են ԱԼՄ-ին «իրանց երգելով, էդ Նոր տարվա ժամանակվա եթերով, բայց շատ անկազմակերպված տեսակի է»:
«Մարդիկ ինձ զանգահարում, ասում են` իրանք մի որևէ բան ունե՞ն, որ իրենց նախաձեռնությամբ անեն: Ես ուղղակի ասում եմ, որ ժողովուրդը խելք չունի, ժողովուրդը հավատում ա իշխանությանը: Եթե ասում են` ժողովրդավար ենք, էդ ո՞նց ա, որ էդ ժողովրդավարների համար ամբողջ հեռուստաեթերը փեսայի ձեռքին ա (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին): Հոլդինգ ա սարքել: Ամբողջովին կառավարում ա վերևից», – ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով` Միքայել Մինասյանի կողմից ԱԼՄ-ն ևս ստացել է առաջարկ, որը Կարապետյանը, իր պնդմամբ, մերժել է:
«Ժողովրդական կուսակցության« ղեկավարը վերահաստատել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը.
«Առանց դաշինքի եմ գնալու` միայնակ, իմ կուսակցության հետ»:
Հարցին, թե քարոզարշավ անցկացնելու հարթակից (ԱԼՄ-ից) զրկվելուց հետո ինչպես է պատրաստվում իրականացնել քարոզարշավը, Կարապետյանն ասել է. «Որտեղ բոլոր թեկնածուները, այնտեղ էլ ես: Մյուսները ո՞նց են քարոզում: Անվճար, վճարովի գովազդային ժամանակից կօգտվենք»: