Վաղը առավոտյան ժամը 09:00-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում 2008 թվականի մարտի մեկին զոհված մարդկանց հարազատները կհանդիպեն ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի (լուսանկարում) ու Աքսել Ֆիշերի հետ, որոնք հունվարի 16-ին և 17-ին Հայաստանում աշխատանքային հանդիպումներ են անցկացնում պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ:
Սպասվելիք հանդիպման մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, ով նաև «Մարտի 1» հ/կ-ի նախագահն է:
«Մենք, առաջին հերթին, բարձրացնելու ենք այն հարցը, թե ինչու մինչև հիմա սպանությունները չեն բացահայտվել: Մեր դժգոհությունն ենք հայտնելու իրենց աշխատանքի վերաբերյալ, որն իմիտացիոն բնույթ է կրում: Բացի դա, նաև ասելու ենք, որ իրենց աշխատանքի շնորհիվ եղավ մարտի 1-ի էջի փակման վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջին հայտարարությունը, որի համար ևս մեր դժգոհությունն ենք հայտնելու», – ասել է Ալլա Հովհաննիսյանը:
Նշենք, որ համազեկուցողների Հայաստան այցի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը հետևելն է, ինչպես նաև Հայաստանում իրականացվող մոնիտորինգային գործընթացի առաջնահերթությունների որոշումը։