Աբովյանում գտնվող ապակյա տարաների արտադրության գործարանի սեփականատեր, «Սարանիստ» ընկերության հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, ով առավել հայտնի է շշերի Մելո մականվամբ, լուրջ տարաձայնությունների մեջ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, գրում է «Երկիր» թերթը:
Նախկին ՕԵԿ-ականը՝ ներկայիս ԲՀԿ-ականը, երևի այս անգամ էլ պետք է կուսակցություն փոխի, որ հայտնվի խորհրդարանում, գրում է թերթը` նշելով, որ Ծառուկյանը նրան նոր խորհրդարանում տեսնել այլևս չի ցանկանում, և եթե անգամ կրկին առաջադրվի Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից, միևնույնն է, կուսակցության ղեկավարի աջակցությունը չի ստանալու, իսկ դա գործը բավական դժվարացնում է:
Ըստ թերթի` ԲՀԿ համամասնական ցուցակում ևս լուրջ փոփոխություններ են սպասվում: ԲՀԿ նախագահը ցուցակում չի ուզում տեսնել Կարո Կարապետյանին՝ առավել հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ, ով անցած տարիների ընթացքում աչքի ընկավ իր քրեական պատմություններով: ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանը համամասնական ցուցակում չի պատրաստվում ընդգրկել նաև «Կարամելի Հարութին»՝ Հարություն Ղարագյոզյանին: