Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում:
Պաշտոնական վարկած
Պաշտոնական վարկածով` Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Դատարանը հավաստի է համարել այդ վարկածը, և 2009 թվականին գործը փակվել է:
Ծնողները չեն հավատում
Ըստ զոհված զինվորի ծնողների` Սուրեն Օհանջանյանի և Գոհար Սարգսյանի, իրենց որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:
2011 թվականի ապրիլից Տիգրան Օհանջանյանի ծնողների բողոքի արդյունքում նախաքննությունը վերսկսվել է և որոշում է կայացվել կրկին դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն անցկացնել:
Epress.am-ի հետ զրույցներից մեկի ժամանակ Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, պատմել է, որ նոր նախաքննության ընթացքում ռադիոռելեային կայանը պետք է ստուգվեր, սակայն գործընթացը ձգձգվում էր:
«Ես զանգահարեցի մեր քննիչին, ասացի` երբ ենք գնալու փորձաքննության, ասաց` տիկին Գոհար, փորձաքննություն էլ չի լինելու: Ես հարցրեցի, ո՞նց չի լինելու, ասաց` չկա, ռադիոռելեային կայանը չկա: Ոնց կարելի է ընդունել այդ փաստը, որ 5 տարի է նախաքննություն է գնում, ու իրենց վարկածի միակ ապացույցն անհետացրել է: Ո՞վ ա կերել այդ կայանը: Հիմա ես հայտարարում եմ, ես դրամական պարգև եմ խոստանում ռադիոռելեային կայանը գտնողին»,-ասել էր տիկին Գոհարը:
Դեռևս սեպտեմբերին Epress.am-ի հետ զրույցում Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը կարևորել էր այն փաստը, որ, չնայած մինչ այժմ քննությունը չի կարողանում հստակ բացահայտել զինվորի մահվան վայրը, այնուամենայնիվ, գործը վարող դատախազներից և ոչ մեկը չի ցանկանում հարցաքննել ենթադրյալ դեպքի վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա տեղակայված թիկնապահների սենյակում այդ ժամանակ գտնվողներին, ովքեր գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահներն են եղել:
Օհանջանյանի ծնողները նաև հանդիպել են ՀՀ Պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում նրան ցույց են տվել մահացած որդու լուսանկարները, որոնց վրա երևում են մարմնական վնասվածքներ:
«Դատաբժիշկը եզրակացության մեջ չի նկարագրել, չի նշել, ինչն ա պատճառը: Ո՞վ ա զակազը տվել: Հիմա դուք ո՞նց եք պատասխանելու հինգ տարի հետո», – Պաշտպանության նախարարին ասել է Գոհար Սարգսյանը: