Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեաների Հոլոքոստից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց վկայությունների արխիվը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից տեղափոխվել է Բրիտանիա: Տեսաարխիվը ներառում է Ցեղասպանությունից փրկվածների, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի` միասեռականների և Եհովայի վկաների մասին պատմող 52,000 տեսանյութեր: Այս տարի «Շոա» հիմնադրամը, որն այսուհետ տեսաարխիվի պատասխանատուն է հանդիսանում, պատրաստվում է ընդլայնել տեսանյութերի արխիվը և ներառել նաև Հայոց Ցեղասպանության և Ռուանդայի Ցեղասպանության մասին վկայություններ:
Լոնդոնի Համալսարանի Հոլոքոստի հետազոտության կենտրոնի առաջատար պատմագետ Դավիդ Սեզարանին վստահ է, որ այս արխիվը արժեքավոր պատմական կշիռ ունի:
Ըստ նրա` 18 տարի առաջ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից ստեղծված արխիվը (Սպիլբերգն այն ժամանակ նկարահանել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմը և նկարահանումների ընթացքում մեծտեսադարան հավաքել) կօգնի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի համապարփակ պատկերացում կազմել:
Միացյալ Թագավորությունում Հոլոքոստի կենտրոնի հիմնադիրներ Սթեֆան և Ջեյմս Սմիթները նշել են, որ «սխալ է մտածել, թե սա պատմական արխիվ է»:
«Սա պատմական նյութ է պարունակում, սակայն սա հայացք է հասարակությանը, որը կարող է բացվել և մերկանալ: Սա մեր դարաշրջանի խղճի ձայնն է: Սա կարող է ուղղորդել մեզ, այն հասարակական արժեք ունի, որը ես հույս ունեմ` կարող է որևէ բան փոփոխել, և եթե անգամ այն չօգնի, և մենք մի օր դեմ առնենք նման տխուր օրվա, մենք չենք կարողանա ասել, որ փրկվածները մեզ չէին զգուշացրել», – նշել են Հոլոքոստի կենտրոնի հիմանդիրները: