Հունաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի երեկոյան հաստատել է ժողովրդի դժգոհությունը առաջացրած բյուջետային ծախսերի կրճատման օրինագիծը, որն անհրաժեշտ է Եվրամիությունից ֆինանսական աջակցություն ստանալու և սնանկությունից խուսափելու համար:
Նշենք, որ Հունաստանին 172 մլրդ դոլար է անհրաժեշտ երկիրը սնանկացումից փրկելու համար: 300 օրեսդիրներից 199-ը կողմ են քվեարկել օրինագծին, դեմ են եղել 43 սոցիալիստ և պահպանողական պատգամավորներ:
Օրինագծի քննարկումը տեղի էր ունենում ողջ երկրով մեկ տարածված զանգվածային բողոքի ցույցերի, քաղաքի տարբեր կառույցների հրդեհման և բռնի գործողությունների ֆոնին: Ցույցերին մասնակցել է մոտ 100,000 մարդ:
Մայրաքաղաք Աթենքի կինոթատրոնները, սրճարանները, խանութները և բանկերը կրակի մեջ են հայտնվել, իսկ սև դիմակներ հագած ցուցարարները պայքարում էին ոստիկանության դեմ խորհրդարանի առջև, որտեղ քննարկվում էր աշխատավարձերի, թոշակների և աշխատատեղերի կրճատման մասին օրինագիծը:
Ոստիկանության փոխանցմամբ` մայրաքաղաքում 150 խանութ է թալանվել, հրդեհվել է 34 կառույց:
Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք իրենց հերթին քարեր և վառելանյութով շշեր էին նետում ոստիկանների վրա:
Նշենք, որ կրակի մեջ են հայտնվել նաև մի շարք պատմամշակութային շինություններ, ինչպես, օրինակ, «Աթիկոն» կինոթատրոնը:
Լուսանկարները` Reuters