«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բեն Լադենը, ով սպանվեց 2011 թվականի մայիսին, պատվիրել է իր երեխաներին և թոռներին հրաժարվել ջիհադից: Այս մասին Times on Sunday պարբերականին պատմել է «համար առաջին ահաբեկչի» կնոջ եղբայր Զաքարիա ալ-Սադահը:
Վերջինիս խոսքով` Բեն Լադենը կոչ է արել ընտանիքի անդամներին մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ, որտեղ նրանք կկարողանան լավ կրթություն ստանալ և խաղաղ կյանք վարել: Բացի դա, ահաբեկիչը ցանկանում էր, որպեսզի իր երեխաները «չզբաղվեն նրանով, ինչով ինքն էր զբաղվում նախկինում»:
Ինչպես պատմել է ալ Սադեհը, մեջբերելով քրոջ խոսքերը, «Ալ Ղաիդայի» առաջնորդը ցավում էր, որ Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերը անդրադարձել են նաև իր ընտանիքի վրա: Այդուհանդերձ, նա չի ասել, թե Լադենը ցավում էր տեղի ունեցածի համար:
Բեն Լադենի երեխաների թվի մասին հստակ տվյալներ չկան: Որոշ տեղեկություններով` նա 19 երեխաներ ուներ: Հաղորդվում էր, որ նրա դստրերից մեկը ամուսնացել է «Թալիբան» շարժման առաջնորդ մուլլա Օմարի հետ:
Հիշեցնենք, որ Բին Լադենը սպանվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից 2011-ի մայիսի 2-ին պակիստանական Աբոթաբաթ քաղաքում: