Վերլուծելով փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզվել է, որ հայաստանյան հասարակության արժեհամակարգը դեգրադացիա է ապրել: Այս տեսակետը քաղաքագետը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հրազդանցիները պետք է ընտրություն կատարեին բացարձակապես չինովնիկական կերպար Արամ Դանիելյանի և փառապանծ ուղի անցած Սասուն Միքայելյանի միջև: Ցավոք սրտի, ընտրեցին Դանիելյանին: Հասարակության այս վիճակի մեջ մեղավոր են թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը: Այդ ընտրություններից պետք է երկուսն էլ դասեր քաղեն», – ասել է Սուրենյանցը` հավելելով, որ, եթե չլիներ գործող քաղաքապետի ադմինիստրատիվ ռեսուրսը, Սասուն Միքայելյանը հաղթանակ կտաներ:
Կանխատեսումներ անելով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին` Սուրենյանցը համոզմունք է հայտնել, որ նոր ԱԺ կազմը բաղկացած է լինելու երեք` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ ուժերից:
«Մնացած ուժերի խորհրդարանում ներկայանալու հարցը դժվար է ասել: Հավանաբար, ներկայացված կլինի նաև ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» ևս` «Ազատ դեմոկրատներին» միանալու դեպքում, հնարավոր է հայտնվի խորհրդարանում», – ասել է Սուրենյանցը:
Ընտրություններն այս անգամ, Սունենյանցի կարծիքով, կանցնեն առանց տոտալ կեղծիքների, ավելի շատ կլինեն ընտրակաշառք բաժանելու դեպքերը, այնուհանդերձ համեմատաբար լավ ընտրություններ կունենաք:
Նա նաև նշել է, որ մինչ ընտրությունները նկատվող ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը վերաբերվում է միմիայն առաջիկա իշխանության կազմի շուրջ խմորումներին:
«Դրա վրա ռազմավարություն ձևավորելու դեպքում ՀԱԿ-ը կձախողվի: ՀՀԿ- ԲՀԿ հակասությունները ծնունդ են ընտրական պրոցեսի միայն»,- կարծիք է հայտնել քաղաքագետը:
Սուրեն Սուրենյանցը լրագրողներին հայտնել է նաև, որ ինքն օրեր առաջ հայտ է ներկայացրել անդամակցելու «Երկրապահ» կամավորների միությանը` այս քայլով միայն ֆորմալացնելով իր սերտ հարաբերությունները այդ կառույցի հետ:
Սուրենյանցը հորդորել է իր այս քայլը չկապել քաղաքական զարգացումների հետ:
««Երկրապահի» ուժը նրանում է, որ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է չեզոքություն: «Երկրապահը» բազմաշերտ կազմակերպություն է, որտեղ կան անդամներ շատ տարբեր կուսակցություններից», – ասել է Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը նախկինում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ էր: Անցյալ տարի նա հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: