Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
«Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել և վերացնել դրանք»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երևանի, Կենտրոնի և բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից: