Home / Հայաստան / Նունե Եսայանն ու Ֆորշը մտքերով ու գաղափարներով Մաշտոցի պուրակում են

Նունե Եսայանն ու Ֆորշը մտքերով ու գաղափարներով Մաշտոցի պուրակում են

Երգչուհի Նունե Եսայանը գտնում է, որ կարծիք հայտնելու համար պարտադիր չէ գնալ Մաշտոցի այգի:

«Ինքս ապրում եմ Չարենցի փողոցում, ու մեր շենքի տարածքում ամբողջը շինություններ են, շենքում են բոլորը նորապսակներ ու երիտասարդ ընտանիքներ են, որոնք երեխաներ ունեն: <…> Թողեք, թող երեխաները խաղալու տեղ ունենան: Առանց այդ էլ մեր քաղաքի կանաչը վերացել է, ամբողջ ծառերը կտրվել են, փոշու մեջ ենք», – «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է Եսայանը:

Իսկ Մաշտոցի այգում բողոքողներին չմիանալը երգչուհին բացատրել է առողջական խնդիրներով, սակայն նշել, որ մտքով ու գաղափարներով իրենց հետ է:

Երգիչ Ֆորշը նույնպես այն արվեստագետների շարքում չէր, որոնք ներկա էին Մաշտոցի այգում, բայց նա տեղյակ էր, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ իրեն հենց դեպքի վայրից զանգահարել էին ու կոչ արել միանալ իրենց։

«Բայց ես հլը որ չեմ երեւացել, որովհետեւ շատ զբաղված եմ, առավոտից իրիկուն ստուդիայում եմ։ Իրանց գաղափարը ողջունում եմ, միանշանակ։ Ես ոչ միայն դեմ եմ, որ այգին քանդվի, այլև այդ միտքն ինձ համար արդեն ծիծաղելի է, որովհետև պարզ է, որ դա պետք է լինի կանաչ և այգի։ Ես սովորել եմ Չայկովսկու դպրոցում, և այդ այգին ինձ համար եղել է մանկության ու պատանեկության այգի, ու քանդել այն… Բայց ինչի՞ քանդել, հանուն առևտրի՞, մեկ ա առևտուր չի լինի, թող էրեխեքի այգուն ձեռք չտան»։

Նրա խոսքով՝ ինքն իսկապես շատ է ուզում, որ այգին մնա, սակայն «կանգնելով ու գոռալով հարց չենք լուծի»: «Ես քաղաքապետին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե դիմելու խնդիր կա, հետևյալը կասեմ։ Նենց արեք, որ այնտեղ կանգնած ու գոռգռացող երիտասարդները, որոնք, ի դեպ, շատ ճիշտ են անում, գործով ապահով լինեն, նենց պայմաններ ստեղծեք, որ այդ մարդիկ գոհ լինեն։ Ինչի՞ են այդ սրիկա ամերիկացիներն անընդհատ իրանց դրոշը պաչում ու գերեզման մտնելուց իրենց դրոշն էլ հետն են դնում։ Այ թող տենց վերաբերմունք լինի։ Ես սիրում եմ իմ քաղաքը, մենակ քաղաքը չէ, Հայաստանը, ուղղակի ինչ-որ բան սխալ է։ Երիտասարդների կողքին եմ, ողջունում եմ այդ ամենը»,- հավելեց երաժիշտը։