Այսօր` փետրվարի 23-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հանրահավաք են անցկացնում` ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի: Մոսկվայում արդեն իսկ երթ է սկսվել, որին, ոստիկանության գնահատականներով, մասնակցում է մոտ 30,000 քաղաքացի: Ակնկալվում է, որ մարզադաշտում մինչև 100,000 մարդ է հավաքվելու:
Այս առնչությամբ ընդդիմադիր գործիչ, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին այսօր գրում է, որ «պուտինգները» հիանալի նվեր են բոլորի համար, այդ թվում` ընդդիմության:
«Ինքներդ մտացեք, 200,000 մարդ հավաքում է մեկ տեղում: Այն դեպքում, երբ 80% -ի պարագայում սրանք այն նույն «օֆլայն մարդիկ» են, այսինքն նրանք, ովքեր անհասանելի են մեզ համացանցում:
200 հազար ընտրողների հավաքել են մեկ վայրում և ստիպել են խոսել քաղաքականության մասին:
Մենք չգիտենք, նրանք պուտինամետ են, թե հակապուտինիստ, սակայն գիտենք, որ նրանք բյուջետային և պետական հիմնարկների աշխատակիցներ են»,- գրում է բլոգերը:
Նավալնին վստահ է, որ ամեն դեպքում ընդդիմությունը առավելություն ունի, քանի որ Պուտինի համար հանրահավաքի եկած մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենց ստիպել են գալ: Գիտեն` ինչպես են կազմակերպել: Ինչպես են ավտոբուսներով բերել:
Ընդդիմադիր գործչի տեղեկություններով` այս մարդիկ անգամ իրենց հիմնարկություններում քննարկում են. «ՄՕԵԿ-ում (Էներգետիկ ընկերություն) 3000 ռուբլի ավել են տվել, իսկ մեզ` 1500: Այլանդակություն»:
«200,000 մարդիկ և նրանց ընտանիքները հստակ գիտեն, որ իրենց հավաքել և բերել են, սակայն պուտինգի բեմից նրանք լսում են «մենք հավաքվել ենք, որպեսզի սատարենք բլա-բլա-բլա», և ծաղրանքով նրանք հեռուստացույցից լսում են «տասնյակ հազարավոր մոսկվացիներ մեծ խանդավառությամբ դուրս են եկել միասնական մղումով», գրում է Նավալնին:
Այնպես որ, ըստ նրա, եթե ընդդիմադիրները ցանկանում են գնալ «պուտինգի և հակապուտինյան քարոզչություն անցկացնել», շատ լավ գաղափար է: Պետք է պարզապես չվիրավորել, չբղավել, չվիճել, եթե ձեզ հետ չեն ցանկանում վիճել, և հանգիստ հեռանալ, եթե հեռացնում են: