Home / Հայաստան / Քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները իշխանությունների ձեռքում են. Վահան Հովհաննիսյան

Քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները իշխանությունների ձեռքում են. Վահան Հովհաննիսյան

Հայաստանյան իշխանությունն անթաքույց կերպով տենչում է հավերժորեն  մնալ իշխանությանը: Նախընտրական շրջանին  բնորոշ այս իրավիճակին ավելացել է նաև ձգտումը՝ ամեն գնով խուսափել մարտիմեկյան կամ նմանատիպ դեպքերից, որը, իհարկե, նոր ձևավորվող քաղաքացիական հասարակությանը տալիս է իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Ընտրություններն ընդհանրապես երկու բան կարող են նշանակել՝ սերնդափոխություն կամ իշխանափոխություն, կամ՝  երկուսն էլ»,- նշել է Հովհաննիսյանը` ընդգծելով, որ մեր պարագայում հասունացել են երկուսն էլ, և սա է ընդհանուր բնութագիրը:

Խոսելով արտաքին քաղաքական իրավիճակի մասին՝  Հովհաննիսյանը նշել է, որ այն անմիջական կերպով պայմանավորված է ներքին զարգացումներով:

«Ակնհայտ է, որ եվրոպական կառույցները շատ հստակ զգացնել են տվել Հայաստանի իշխանություններին ու ոչ միայն, որ ընտրություններում չեն հանդուրժելու,  և Հայաստանը պետք է կարողանա եթե ոչ եվրոպական ստանդարտներին համապատասխանող, ապա առնվազն մոտեցող մակարդակ ապահովի իր ընտրություններում: Վերջապես, ժողովրդավարական հիմնական  ցուցանիշը  հենց ընտրությունների որակի մեջ է», – ասել է նա:

Որպես օրինակ  Հովհաննիսյանը նշել է Հայաստանում ԶԼՄ-ի նկատմամբ հալածանքը: Լրատվամիջոցները ամբողջությամբ ազատ չեն, այսինքն,  իշխանությունը չի ցանկանում, որ իրեն փոխեն քաղաքակիրթ ընտրական ճանապարհով, ասել է ՀՅԴ-ական գործիչը:

«Քաղաքակիրթ ընտրական ճանապարհին հիմնական մեխանիզմը քարոզչությունն է, իսկ դա ո՞ւմ ձեռքում է, իհարկե, լրատվամիջոցների», – նշել է նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի  խոսքով՝ Հայաստանի վիճակն այսօր բավականին բարդ է, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պետք է ներքին քաղաքականության մեջ այնպիսի փոփոխություններ ապահոված լինեին արդեն, որոնք կամրապնդեին Հայաստանի  պաշտպանողականությունը, անվտանգության համակարգը և այլն:

«Դա չի արվել, ու դա էլ է պատճառներից մեկը, որ իշխանափոխությունը հասունացել է»,- նշել է  Հովհաննիսյանը: