ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրումը բխում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից։ Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող «Բարգավաճին»՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը։ Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի և ընդհանրապես «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետևում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի և Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը։ Ինչևէ, եթե Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստանին» խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները և նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել: Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե՛ Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե՛ Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որևէ հնարավորություն չունի», – ասել է Տեր-Պետրոսյանը։
ՀՀ առաջին նախագահը կարծիք է հայտնել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել։
«Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, և այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել», – ասել է ընդդիմության առաջնորդը։