Մոսկվացի բժիշկներին չի հաջողվել փրկել երեկ մարդասպանի կողմից արձակված կրակոցների հետևանքով սպանված գործարար Իրինիա Զիրոյանի 43-ամյա թիկնապահի կյանքը: Գործարարն ու նրա թիկնապահը հինգշաբթի կեսօրին հրազենային հարձակման էին ենթարկվել «Տանուկի» ճապոնական ռեստորանից դուրս գալուց հետո: Զիրոյանը տեղում մահացել էր, իսկ թիկնապահը` ծանր վիրավորվել: Այսօր հայտնի է դարձել, որ վերջինի կյանքը նույնպես հնարավոր չի եղել փրկել:
Զիրոյանի և նրա թիկնապահի ուղղությամբ կրակ էին բացել ТТ ատրճանակից: Հանցագործը երեք անգամ կրակել էր կնոջ վրա, իսկ երբ նա ընկել էր, վերջին ստուգիչ կրակն էր արձակել նրա գլխին: Այնուհետև գցել էր զենքն ու փախուստի դիմել իրեն սպասող մեքենայով:
Հայտնի է, որ սպանված գործարարի ամուսինը` Գևորգ Զիրոյանը, ժամանակին քրեական հեղինակություն է եղել, ում մահից հետո էլ 52-ամյա կինը ժառանգել է նրա բիզնեսը: Նա հանդիսանում էր մայրաքաղաքային խոշորագույն Մոսկվորեցկի շուկայի բաժներերից մեկը:
«Կոմերսանտի» տեղեկություններով` գործարար կնոջ ամուսինը` Գևորգ Զիրոյանը, (Գերա-Օբեզյանա մականունով) 1990-ականներին «հայկական բրիգադ» էր ստեղծել, որը մասնագիտացած էր ռեկետների վրա:
2003 թվականին Գևորգ Զիրոյանին Կալաշնիկովի հրացանից սպանել են երկու վարձու մարդասպաններ: Ամուսնու մահից հետո կնոջն են անցել նրա բիզնեսները, որը նա հետագայում ամբողջությամբ օրինականացրել է, անգամ մի քանի վարույթ է հաղթել: Նա հրաժարվել է մասնաբաժին վճարել հանցագործներին և հեռացրել է նրանց շուկայի տարածքից:
Իրինա Զիրոյանին բազմիցս սպառնացել են: Իսկ 2005 թվականին նրա դեմ առաջին մահափորձն է իրականացվել: Այդ ժամանակ նրա ուղղությամբ կրակ էին բացել, Իրինային հաջողվել էր փրկվել մահից, սակայն արդյունքում մահացել էր որդին: Մահափորձ իրականացրած Վահագն Հովհաննիսյանին դատապարտել էին 18 տարվա ազատազրկման: Վերջինս նրա ամուսնու «բրիգադի» անդամներից էր, ով իր շեֆի կենդանության օրոք ամսական 40 հազար ռուբլի էր ստանում: Իսկ նրա մահից հետո կինը հրաժարվել էր նրա ծառայություններից:
Այժմ ոստիկանությունը փնտրում է այս սպանությունն իրականացրած հանցագործին: