Այսօր առավոտյան Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում դեկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում աչքը կորցրած Նարեկ Ավետիսյանի պրոթեզը տեղադրեցին: Հիշեցնենք, որ ծառայության ժամանակ զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը Նարեկին հարվածել էր շղթայով, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: Ենթասպան մեղադրվում է պաշտոնի չարաշահման և ուրիշի առողջությանը վնաս պատճառելու մեջ:
Չնայած աչքի պրոթեզը հիմնական է համարվում, այնուամենայնիվ, կախված վերքի թարմությունից՝ 6-8 ամիս հետո կրկին կարիք կլինի չափսերը վերանայելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նարեկ Ավետիսյանի բժիշկ Գագիկ Գասպարյանը:
«Պրոթեզավորեցինք, թեև արտաքին տեսքը 100 տոկոսով չի վերականգնվել, ուղղակի չիմացող մարդու համար տարբերությունը գրեթե չի զգացվի: Ամեն ինչ նորմալ է, սակայն արհեստականն առողջ աչքին չի փոխարինի՝ այն տարբեր լուսավորության տակ տարբեր է: Տրամադրության անկման ժամանակ առողջ աչքը կարող է լարվել , կարմրել, իսկ արհեստականը՝ ոչ: Նարեկի պարագայում, քանի որ կոպը վնասված է և լիարժեք չի թարթվում, ուստի մեկ տարի կամ տարի երկու ամիս անց, նաև կախված առողջական վիճակից, խնամքից, արտաքին վնասվածքներից, պրոթեզը ենթարկվելու է փոփոխության: Պրոթեզը պետք է թարմացվի 1,5 տարին մեկ անգամ», – պատմել է Գասպարյանը:
Բժշկի հավաստմամբ՝ Նարեկն արդեն տեղյակ է իր վիճակի մասին, սովոր է ու պետք է իրեն ստիպի հետևել որոշ կանոնների:
«Թեև պրոթեզի անունը հիմնական է, սակայն այն հիմնական լինել չի կարող, քանի որ այն մշտական խնամքի կարիք ունի՝ պետք է հանվի, խնամվի, լվացվի, տեղադրվի», – ասել է Գասպարյանը:
Epress.am-ի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Անդրանիկը, հավաստել է, որ թեև պրոթեզը շարժվում է ու այնքան էլ չի տարբերվում բնականից, այնուամենայնիվ, ըստ նրա, փաստն ուղղակի անտանելի է:
«Երեխուս երեսին ժպիտ չկա: Առողջ երեխուս տարան, ինչ օրը գցեցին: Նարեկը նյարդային է, դյուրաբորբոք՝ նա էսպիսին չի եղել նախկինում», – պատմել է Անդրանիկ Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ Նարեկի համար անսպասելի է եղել այն փաստը, երբ համացանցից տեղեկացել է, որ ընդմիշտ զրկված է լինելու մեկ աչքից:
«Սա հոգեկան մեծ հարված է եղել տղայիս համար, բա դա քի՞չ բան է», – տարակուսած ասել է Նարեկի հայրը:
Նրա խոսքով՝ Նարեկի հիմնական զբաղմունքը համակարգիչն է: Աչքը վնասելուց հետո Նարեկն ինքնամփոփ է դարձել, ծնողները նշում են, որ «եթե ամիսներով հետը չխոսես, ինքը չի խոսի»:
Նարեկի մայրը նշել է նաև, որ տղան անասելի նեղվում է պրոթեզի ամեն օր հանել-տեղադրելու, տարին մեկ անգամ փոխելու փաստից:
Հիշեցնենք, որ ծառայության ժամանակ զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը Նարեկին հարվածել էր շղթայով, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: