Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում: Արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխումների բաղկացուցիչ մասն են կազմում: Այս մասին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ասել է Սերժ Սարգսյանը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին:
«Ուրախ եմ, որ Գլխավոր քարտուղարը և Դաշինքը, ընդհանրապես, բարձր են գնահատում Հայաստանի ջանքերը համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ: Այդ իսկ նպատակով, մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
«Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը: Օրինակ Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը: Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին:
Գլխավոր քարտուղարի հետ համամիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով և բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Համոզված ենք, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման և անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով», – նշել է ՀՀ նախագահը: