Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած ՀՀ եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել` նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են: Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը: Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:
Եվրամերձեցման քաղաքականությունը, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: «Հայաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունը կարևորում ենք ոչ միայն նրա համար, որ ԵՄն գլոբալ դերակատար է, այլև առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների և գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժեքային համակարգի շնորհիվ կարող ենք կառուցել անվտանգ և զարգացող տարածաշրջան: Մեր տարածաշրջանն իսկապես ընդհանուր արժեքների գիտակցության սերմանման, անվտանգության օրակարգի մշակման և ինտեգրված տնտեսության ձևավորման կարիք ունի` մասնավորապես ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի յուրահատկությունները և առկա մարտահրավերների բազմազանությունը:
Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային և եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլև իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման և խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը և գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը:
«Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն: Սա է զարգացած երկիր և բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, և մենք հետամուտ ենք այն անցնել մինչև նպատակի իրագործում»,-ասել է Սերժ Սարգսյանը: