Հանրապետականը կարող էր և միայնակ էլ կառավարել երկիրը, բայց նախընտրեց համագործակցության տարբերակը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը Գյումրիում` տեղի հանրապետականների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք իշխող կուսակցություն ենք, և մենք ենք ձևավորել կառավարությունը, ընդ որում` մենք դա կարող էինք անել միայնակ։ Մենք գնացինք այլ ճանապարհով, որով մեզ առաջնորդում է մեր թիմի քաղաքական ղեկավարը, այն է` Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համագործակցության մթնոլորտ, ապահովել համերաշխություն», – վարչապետի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը։
«Սա լրջագույն մարտահրավեր էր մեզ համար 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մենք ունեինք պառակտված հասարակություն, սոցիալական լարվածություն, քաղաքական լարվածություն, և մեր առջև դրված էր խնդիր` կառուցել կամուրջներ ընդդիմության հետ։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ մեզ հաջողվել է հաղթահարել այս կարեւորագույն մարտահրավերը։ Դուք տեսնում եք` ինչ է կատարվում աշխարհում», – հայտարարել է Սարգսյանը։
Գյումրեցի հանրապետականների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով Հանրապետականի նախընտրական ծրագիրը` վարչապետն անդրադարձավ նաև արտաքին խնդիրներին, հատկապես այն մարտահրավերներին, որոնք առկա են հայ – ադրբեջանական հարաբերություններում` դրանում կարևորելով բանակի դերը։
«Մեր հարևան Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ` բարձրացնելու մարտունակությունը իր բանակի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծի ուժային մեթոդով։ Մենք պարտավոր ենք երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը, եւ դրա միակ ճանապարհը ուժեղ, մարտունակ բանակ ունենալն է», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
«Այսօր մենք զեկուցում ենք ձեզ, որ անցած հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է լուծել այս խնդիրը։ Միայն վերջին երեք տարիների ընթացքում սպառազինության մակարդակը ավելացրել ենք այնքան, ինչքան մենք այն ի վիճակի էինք անել մեր անկախ պետականության 17 տարիների ընթացքում։ Էական եւ որակական նոր զենք եւ զինամթերք ենք մենք ներկրել Հայաստանի Հանրապետություն` ապահովելով մեր բանակը ժամանակակից զենքով, եւ դրանով իսկ պարտադրել ենք մեր հակառակորդին խաղաղություն», – ասել է վարչապետը։