Երևանի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է տանում Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Այս մասին այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երևան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս:
«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի այգիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում», – նշել է քաղաքապետը:
Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին: