Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում: Այս կարծիքը հնչել է այսօր Ջերմուկ քաղաքում կայացած հասարակական քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակեպությունը:
Գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Ամուլսարում երկրաբանական հետազոտությունների արդյունքներին, որոնք փաստել են, որ լեռնաշղթայում կա ուրանի մեծ պաշար, ինչը հանքը շահագործողները տարիներ շարունակ հերքում են:
Մասնագետը նշել է նաև, որ ուրանի հանքավայրին դիպչելու դեպքում կվտանգվի Հայաստանի տարածքի 80%:
Քննարկմանը մասնակից, բնապահպան Ապրես Զոհրաբյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկման հանդեպ Ջերմուկում մեծ հետաքրքրություն է եղել:
«Որոշումը ընդունվել է 2005թ., սակայն հիմա հասարակությունն ավելի լավատեղյակ է խնդրից, դրա լրջությունից, ու տրամադրված է դրան լուծում տալ: Հիմա հասարակությունը ավելի էկոզգայուն է», – ասել է Ապրես Զոհրաբյանը:
Նշենք, որ կազմակեպրիչները պնդում են, որ հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը նույնպես հրավիրվել է միջոցառմանը, սակայն ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ ընկերության ներկայացուցիչը հանդիպմանը չի մասնակցելու, քանի որ «չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձևակերպված հրավեր», բացի դա, ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին:
Քննարկմանը ներկա չի եղել նաև Բնապահպանության նախարարության որևէ ներկայացուցիչ: Պետական գերատեսչություններից հանդիմանը ներկա է եղել միայն Ջերմուկի քաղաքապետը, ով հանքի շահագործման մասին բացասական կարծիք է հայտնել: