Երգչուհի Սոնա Շահգելդյանը չի մասնացկի որևէ կուսակցության նախընտրական արշավին և կոչ չի անի որևէ մեկին ընտրել, քանի որ դա անելու «իրավունքը չունի և քաղաքականությունից չի հասկանում»: Այս մասին երգչուհին ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Բայց պետք է ասեմ, որ ես վատ չեմ վերաբերվում նրանց, ովքեր մասնակցում են նախընտրական համերգներին: Մարդիկ գումար վաստակելու խնդիր ունեն: Գիտեք, այստեղ այնքան էլ շատ համերգներ չեն լինում: Մարդիկ պետք է պահեն իրենց ընտանիքները»,- ասել է Սոնա Շահգելդյանը:
Նրա խոսքով` ինքը երգում է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իր երգը: Շահգելդյանը չի ժխտել, որ որոշ քաղաքական գործիչներ աջակցել են իրեն, օրինակ, հիշել է, որ ԲՀԿ կուսակցության խնդրանքով մասնակցել է «Բազե»-ին և երգել նրանց համար:
«Ես շատ քիչ եմ մասնակցել նման ակցիաների, ու եթե երգում եմ, ապա բոլորի համար: Ես քարոզ չեմ անում»,- ասել է նա:
Նախընտրական գործընթացներին և քարոզարշավին մասնակցելը շատ նորմալ է համարում նաև երգչուհի Արմինկան:
«Կողմ եմ քարոզարշվներին երգելուն, բայց դեմ եմ, որ ագիտացիա անեն երգիչները»,- ասել է Արմինկան և հավելել, որ ինքը մասնակցել է ՀՀԿ-ի քարոզարշավին, երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քարոզարշավներին, որովհետև նրանցից է հրավեր ստացել:
Հարցին, թե արդյոք Արմինկան հրավեր ստանալու դեպքում կմասնակցեր այլ կուսակցությունների արշավներին, երգչուհին պատասխանել է, որ ինքը «ծանրութեթև» կանի նման առաջարկները, իսկ ընդհանուր առմամբ կուսակցությունների ընտրական ծրագրերին ծանոթ չէ ու իր մասնակցությունը չի համարում քարոզի մաս:
Արմինկայի խոսքով` ՀՀԿ-ի արշավին ինքը մասնակցել է, որովհետև այդ կուսակցության շատ անդամների ճանաչում է:
«Շատ ժամանակ խուլ գյուղերում մարդիկ գալիս են ընտրարշավների, որովհետև մտածում են, որ հետո լինելու է բարեգործական համերգ: Մեր միսիան է երգել նաև գյուղերի բնակչության համար: Երբ տեսնում ես մարդկանց աչքերում ուրախություն, զգում ես, որ ճիշտ էր գալը»,- ասել է Արմինկան:
Հաղորդավար Ավետ Բարսեղյանը նախընտրական քարոզարշավներին իր մասնակցությունը չի բացառել: «Ամեն ինչ էլ հնարավոր է», – ասել է հաղորդավարն ու խնդրել է իրեն հարցեր ուղղել իր գրած երգերից և ոչ թե քաղաքականությունից: