Մաշտոցի այգու կառուցապատման որոշումը` թեկուզ «ժամանակավոր», հակասում է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների և բազմաթիվ ՀՀ օրենքների, որի մասին բազմիցս տեղեկացվել է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների: Այս մասին ասված է Հայաստանի (սոցիալ-էկոլոգիական) Կանաչների կուսակցության հայտարարության մեջ, որը Facebook-ում տեղադրել է կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
«2012թ. մարտի 15-ին ՀՀ կառավարությունը հերթական անգամ խախտելով օրենքները ընդունել է այգու կառուցապատման «օրինականացման» որոշում:
Այս ընթացքում պետական որոշ մարմիններ` ի դեմս ՀՀ ոստիկանության իրականացրել են մի քանի «օրինական» գործողություններ ի պաշտպանություն կառուցապատման գործընթացի, որոնց թվում մարտի 14-ի երեկոյան իրականացված «Վրան» գործողությունը գերազանցելով իրենց իրավունքները», – ասված է հայտարարության մեջ:
Կուսակցությունը պահանջում է`
ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից.
– Որոշումներ ընդունել` պահպանելով ՀՀ կողմից ընդունված միջազգային կոնվենցիաները և ՀՀ օրենքները, որի հենց առաջին իրականացնողն ու կատարողը պիտի լինեն իրենք:
– Վերանայել օրենքներին հակասող որոշումները, վերականգնել այգու նախնական վիճակը և միաժամանակ ծրագրեր իրականացնել Երևանի հանրային այլ կանաչ տարածքների վերականգման և հանրությանը վերադարձնելու համար, որոնք անխնանության և անբարեկարգության անվան տակ (հիշեցնենք, որ այգիների խնամքն ու պահպանությունը քաղաքապետարանի անմիջական պարտականությունն է բնակիչների վճարված հարկերի հաշվին, որոնք ունեն «մաքուր շրջակա միջավայրի և հանգստի իրավունք». ՀՀ Սահմանադրություն) տրվում են կառուցապատման կանաչ տարածքների «խնամքի» պատրվակով:
– ՀՀ ոստիկանությանից`
իրականացնել միայն իրենց գործառույթներից բխող գործողություններ: Չգերազանցել իրենց իրավասությունները: Հաշվի առնել հանրության բազմաթիվ օրինական բողոքները: Ստացած անօրինական հրամանները բողոքարկել վերադաս կամ տեղական ինքնակառավարման մարմինների առջև, որի իրավունքը իրենք ունեն` թեկուզ կատարումից հետո, և բողոքարկումից հետո չկատարել նմանատիպ անօրինական հրամանները, դրանով նրանք կվերականգնեն հանրության մոտ ամեն օր ընկնող իրենց վարկը: Լինել ՀՀ օրենքների կատարող, հասարակության և մարդու իրավունքների պաշտպան, որի համար իրենք գոյություն ունեն, այլ ոչ թե մի քանի անձանց, որոնք իրենց սկսել են նույնացնել պետության հետ: