Home / Տեսանյութեր / Արտակարգ դրության մասին օրենքը հակասահմանադրական է. դիմում ԱԺ-ին և ՍԴ-ին

Արտակարգ դրության մասին օրենքը հակասահմանադրական է. դիմում ԱԺ-ին և ՍԴ-ին

Չնայած այն փաստի, որ փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը արժանացել է բազմաթիվ կազմակերպությունների, փորձագետների ու պատգամավորների լուրջ քննադատությանը, անհասկանալի պատճառներով արագացվել է դրա ընդունման գործընթացը: Այս մասին ասված է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության` ՀՀ Ազգային Ժողով ուղարկված դիմումի մեջ:

«Անհանգստության տեղիք է տալիս նման օրինագծի շուտափույթ ընդունումը մայիս ամսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների շեմին` հիշողության մեջ դեռևս ունենալով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունեցել ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական միջամտությամբ», – ասված է դիմումի մեջ:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ այն հակասում է մարդու հիմնարար իրավունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար:

Նախաձեռնությունն ընդգծում է հետևյալ հիմնական մտավախությունները.

 

  • նշված օրինագծով սահմանված չ  են այն իրավիճակները, որոնք կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և օրենքի դրույթները կամայական մեկնաբանելու ու կիրառելու հնարավորություն ստեղծում.
  • օրինագծի 9-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

Նախաձեռնությունը նմանատիպ դիմում է գրել նաև ՀՀ Սահմանադրական դատարան` նույնպես ընդգծելով, որ օրենքը հակասահմանադրական է:

Մասնավորապես, նախաձեռնությունը մեջբերում է ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածը, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», և  Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի 1-ին մասը, որը սահմանում է`  «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, և կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, և որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:

«ՀՀ Սահմանադրության վերոնշյալ դրույթների վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմի, ինչպես նաև ռազմական դրության հայտարարելու դեպքում: Զինված ուժերի խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից, իսկ ներպետական քաղաքական հարցերի կարգավորման համար նրանք որևէ կերպ չեն կարող օգտագործվել: Հետևապես, օրինագծի բոլոր այն դրույթները, որոնք նախատեսում են Հայաստանի զինված ուժերի օգտագործում արտակարգ դրության ժամանակ, հակասում են ՀՀ Սահմանադրությանը», – ասված է նախաձեռնության դիմումի մեջ::

«Բանակն իրականումը» պահանջում է ԱԺ-ից մինչև հաջորդ շաբաթ կայանալիք փաստաթղթի երկրորդ ընթերցմանն անցնելը կազմակերպել խորհրդարանական լսումներ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ, իսկ Սահմանադրական դատարանին առաջարկում են հնարավորինս սեղմ ժամկետներում Սահմանադրական իրավունքի կենտրոնի իրավասության շրջանակներում օրինագծի վերաբերյալ կազմակերպել քննարկում: