Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունները կարծում են, որ ոստիկանությունը չպետք է դառնա գործիք ապօրինի որշումների կատարման համար: Այս մասին ասված է համապատասխան հայտարարության մեջ:
Ըստ նրանց` ոստիկանության գործողությունները վկայում են, որ ոստիկանությունը որոշումներ կայացնող և դրանք կյանքի կոչող պետական մեքենայի անբաժանելի մասն է կազմում:
«Ակնհայտանօրինական հրաման կամ կարգադրություն կատարելուց խուսափելու համար ոստիկանությունը պետք է կանոնակարգի իր և այլ կառույցների միջև հարաբերություններ: Մաշտոցի պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ` ոստիկանության միջամտությունը եղել է անհամաչափ (մթության մեջ մի քանի տասնյակ ոստիկաններ առանց նախազգուշացման հարձակում են գործել պուրակում տեղակայված միակ, փոքր չափերով վրանի վրա, որի ներսում եղել է քնած մարդ, եւ, կոտրելով վրանը, այն տեղափոխել են ոստիկանության բաժին): Ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ համակարգը չի ձերբազատվել սովետական համակարգից ժառանգած բանսարկու, հակաժողովրդական գործելաոճը: Այդ մասին է վկայում ոստիկանական գործողություններին «հաստիքային» սադրիչների ու ընթերակաների մասնակցությունը, ճեղքեր տվող արհեստական քաղաքավարությունը: Բոլոր ոստիկաններին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ քաղաքացիներին «երեխեք», «բալիկ ջան», «աղջիկս/տղաս», «ազիզ ջան» և նման տիպի բառերով դիմելուց: Եթե կա անհրաժեշտություն որեւէ մեկին դիմել անձնապես, ապա կարող ենք հարցնել անձի անունը եւ դիմել անունով, իսկ եթե տվյալ պահին դա հնարավոր չէ, ապա, խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, անկախ սեռից եւ տարիքից, դիմել «Հարգելի քաղաքացի» եւ բոլորի հետ խոսել բացառապես Դուք-ով»,- ասված է հայտարարության մեջ:
Մաշտոցի այգու հարցով մտահոգ նախաձեռնությունները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ պայքարում են վերականգնելու հասարակության խախտված իրավունքներն իր հանրային սեփականության նկատմամբ: Այս նպատակին հասնելու համար իրականացվող գործողություններն ուղղված չեն որևէ մեկի, առավել ևս` ոստիկանության դեմ:
Հայտարարության հեղինակներն են «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության», «Թռչկան» նախաձեռնությունները, Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիները: