Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով կրակոցների մասին օրաթերթի հարցերը, հրաժարվել են պատասխանել դրանց` պնդելով, որ «ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»:
Ավելի ուշ «ՀԺ»-ի թղթակցին հաջողվել է զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմել է, որ գիշերը ժամը 2-3-ի սահմաններում «Դուոս» գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ՝ ռուս պարուհու հետ։ Նրանց միջև վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին։ Ականատեսի խոսքով` այդ տղամարդը շատ նման էր ԱԺ օլիգարխ պատգամավորներից մեկին։ Պատգամավորի անունը չի նշվում:
Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմել է, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ է եղել։
«Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած։ Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոռգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին։ Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք», -պատմել է կինը՝ նշելով, որ չգիտի, թե ինչքանով ցերեկվա կռիվը կարող է կապ ունենալ գիշերվա կրակոցների հետ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սակայն, երեկ օրաթերթի հետ զրույցում ասել են, որ Սախարովի հրապարակի դեպքի մասին իրենց ամփոփագրերում ոչինչ չի նշված։ Երևանյան բժշկական կենտրոններից ասել են, որ հրազենային վնասվածքներով կամ ծեծված ռուս աղջկա չեն ընդունել, Շտապ օգնությունից ևս ասել են, որ Սախարովի հրապարակից նախորդ գիշեր կանչ չեն ստացել։
«Ինչպե՞ս է հնարավոր, որ Երևանի կենտրոնում նման դեպք տեղի ունենա, բայց ոստիկանությունը տեղյակ չլինի այդ մասին», – դեպքի ականատեսներին հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը, որոնք էլ պատասխանել են, որ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ դեպքը կապ ունի «մեծ ու լուրջ մարդու հետ»։
Թերթի թղթակիցը երեկ այցելել է նաև «Դուոս» գիշերային ակումբ, որը փակ է եղել: Դեպքի վայրից հեռանալիս` նա տեսել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Կարեն Սարգսյանին։ Դեպքի մասին նրան որևէ հարց տալ չի հաջողվել, քանի որ նա նստել է մեքենան ու հեռացել։ «ՀԺ»-ն ոստիկանությունից հետաքրքրվել է, որ եթե Սախարովի հրապարակում ոչ մի միջադեպ չի եղել, կրակոցներ էլ չեն հնչել, ապա ի՞նչ էր այնտեղ անում Կարեն Սարգսյանը։ Այս հարցին ոստիկանությունից երեկվա ընթացքում այդպես էլ չեն պատասխանել։
Ավելի ուշ թերթի թղթակիցը ևս մեկ անգամ այցելել է գիշերային ակումբ։ Մի երիտասարդ, որը ներկայացել է որպես մենեջեր, ասել է, որ ոչ մի կրակոց չի լսել, որևէ միջադեպի մասին տեղեկություն չունի, որ մինչև ուշ ժամը եղել է ակումբում, սակայն որևէ արտառոց բան ոչ ակումբի ներսում, ոչ դրսում չի եղել։
«Մեր պարուհիներն էլ ողջ-առողջ են», – ասել է նա։
Ավելի ուշ, սակայն, նույն երիտասարդն ասել է, որ իրականում մի դեպք եղել է, սակայն դա տեսել է ակումբի աշխատակիցներից մեկը։ Տեսնողի փոխարեն, սակայն, դեպքի մասին պատմել է ակումբի սեփականատեր ներկայացած Օնիկ Աբրահամյանը։
«էս ընթացքում պարզեցինք, որ ինչ-որ ՉՊ եղել է, բայց պաժարնիի դեմը։ Իրար ինչ-որ քաշքշել են», – ասել է նա` նշելով, որ հրապարակում ինչ-որ մի ջիփի միջից մի աղջկա նստեցրել են մեկ այլ ջիփի մեջ, աղջիկն էլ բղավել է, բայց «ոչ մի կրակոց չի եղել»։