Մարտի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մի շարք պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների մրցանակներ հանձնվեցին 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։ Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը և «Զորավիգ» թերթը։
Մրցանակակիրներն ընտրվել են «Զորավիգ» թերթի 1350 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։
«Լավագույն պատգամավոր» անվանակարգին արժանացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Լավագույն պետական գործիչ» անվանակարգը շնորհվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, լավագույն մարզպետը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է, լավագույն հասարակական գործիչ ճանաչվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, «Լավագույն արվեստագետ» անվանակարգում մրցանակ ստացավ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, լավագույն երիտասարդ արվեստագետը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանն է, լավագույն ռեկտորը՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, լավագույն քաղաքապետը՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, լավագույն գյուղապետը՝ Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը, լավագույն գործարարը՝ Ռոզա Ծառուկյանը (ԲՀԿ ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մայրը), լավագույն քաղաքային դպրոցի տնօրեն է ճանաչվել Երևանի թիվ 153 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը, լավագույն մարզային դպրոցի տնօրեն՝ Գորիսի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմինե Շեկունցը, լավագույն լրագրող է ճանաչվել Հակոբ Սրապյանը, իսկ լավագույն հեռուստալրագրող՝ Հրաչ Մուրադյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեց, որ եթե Հայաստանում բոլոր պետական, հասարակական, քաղաքական գործիչները կարողանան գեթ մեկ հարց լուծել մարդու իրավունքների ոլորտում, շատ լավ ապագա կունենանք։ «Մենք պետք է կարողանանք միմյանց լսել, լսելն ամենամեծ արվեստն է, այդ արվեստով է, որ տարիներ շարունակ իմ թիմակիցներով ու կուսակիցներով պայքարել ենք։ Հասարակության մեջ մարդն ամենամեծ արժեքն է, որի իրավուքները պետք է պաշտպանված լինեն, հակառակ դեպքում մենք միշտ կորուստներ կունենանք»,- նշել է Գալուստ Սահակյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծել է, որ իր՝ որպես պետական պաշտոնյայի, գերնպատակն է մոտեցնել պետությունը մարդուն։
«Տարիներ շարունակ մեր քաղաքացիները և պետությունն իրենց դիտարկում էին զուգահեռ հարթություններում և շատ հազվադեպ էին խաչվում։ Մեծ աշխատանքի արդյունքում մենք յուրաքանչուրին պետք է հասկացնենք, որ քաղաքացին և պետությունը գտնվում են միևնույն հարթության մեջ, և այն անդունդը, որ երկար տարիներ գոյություն ուներ քաղաքացու և պետական պաշտոնյայի միջև, հետզհետե պետք է լցվի փոխադարձ հարգանքի վրա խարսխված քայլերով։ Մենք մոտենում ենք մեր քաղաքացուն։ Ես փորձում եմ շրջանցել բոլոր այն պատնեշները, որոնք բաժանում են մեզ մեր ուսուցիչներից, մանկավարժներից, աշակերտներից ու ուսանողներից»,- ասել է Աշոտյանը։