Home / Հայաստան / ՖՈՏՈ – Խաբված կինը պատրաստ է պառկել Սերժ Սարգսյանի մեքենայի տակ

ՖՈՏՈ – Խաբված կինը պատրաստ է պառկել Սերժ Սարգսյանի մեքենայի տակ

Արամի, Սարյան, Բուզանդի և Եկմալյան փողոցների նախկին բնակիչները հուսահատված են և չգիտեն` ում դիմեն իրենց խնդիրների լուծման համար: Այսօր նրանք հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի հերթական ակցիան անցկացնելու` ձեռքերում պահելով հետևյալ գրություններով ցուցապաստառները. «Քրեական պատասխանատվության ենթարկել Երվանդ Զախարյանին, Հովիկ Հովսեփյանին և բիրիքնոցի դատավոր Էդիկ Ավետիսյանին», «Վերջ ռեկետին, օկուպացիայից ազատագրել Արամի ու Եկմալյան շենքերը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից մաքրել իր աշխատակազմը ստախոս մարդկանցից ու շտապ տալ իրենց հարցի լուծումը:

«Նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը կատարել է ռեկետ, նա վերաբերվել է ոստիկանի պես, այնպես, ինչպես գողի հետ կվարվեն, միայն մի տարբերությամբ, որ նա ոչ թե Գագիկ Պապոյանի գույքն է վերցրել, այլ մերը, որը մենք նրան թույլ չենք տա», – ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:

 

Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն: Բնակիչները պնդում են, որ գործում ներքաշված են նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը, ով իրենց բողոքներին միտումնավոր ընթացք չի տվել:

Նախագահական նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանն ասել է, որ ինքը ծանոթացել բնակարանատերերի փաստաթղթերին:

«Փաստ կա, որ իսկապես այդ բնակարանների վրա մի քանի հոգու տրված են համապատասխան թղթեր: 2004 թվականից այս խնդիրն ունեք, մտածում էիք, թե մի ամսում այս հարցը պետք է լուծե՞ք», – հարցրել է նա:

Բորբոքված բնակարանատերերը  դիմել են Իսաղուլյանին` պահանջելով ասել՝ ում դիմեն:

«Ասեք՝  ու՞ր գնանք, այլևս հնարավոր չէ վարձով ապրել, երեխեքիս հավաքեմ բերեմ վրանները խփեմ, նստեմ այստեղ: Դատարանները սպիտակ մածունը սև են ներկայացնում ու շփում են մեր երեսին: Հոգնել ենք ստից ու եթե նույնիսկ վերին ատյաններում մեզ ասելիք չունեն, թող ասեն, թողնենք, գնանք էս երկրից:  Թող նախագահը գրի, որ սա մեր երկիրն է ու մածունը սև է, դուրներդ չի գալիս, թողեք էս երկրից գնացեք, մենք էլ կգնանք: Եթե արարքով պատասխան չտան, ուրեմն մեր հայրենիքում իզուր ենք ապրում, մենք կգնանք` մեր հետ տանելով մեր ասելիքը: Եթե հարցը հասել է նրան, որ մեր նախագահն էլ չի կարող մեզ օգնել, մենք ելքը կգտնենք, խնդրում ենք բացահայտ ասել», – բողոքել են նրանք:

Epress.am-ի հետ զրույցում Սոնա Մաղաքյանն ասել է, որ Իսաղուլյանից վաղը պատասխան են ակնկալում:

«Պատասխան չունենալու դեպքում խնդրում եմ ինձ գտնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում պառկած: Ես պառկելու եմ Սերժ Սարգսյանի մեքենայի  առաջ, տեսնենք՝ կանցնի՞ իմ վրայով: Ես պայքարում եմ Արցախյան ազատամարտում կռված ու հաշմանդամ դարձած քրոջս բնակարանի համար: Գնացել եմ հորս գերեզմանի վրա ու երդվել եմ, որ պայքարելու եմ մինչև վերջ», – եզրափակել է Մաղաքյանը: