Home / Հայաստան / Տիգրան Խզմալյանի կինը տեղյակ է եղել ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին

Տիգրան Խզմալյանի կինը տեղյակ է եղել ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին

ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը, ով կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը:

Թերթն ընդգծում է, որ դա կարևոր տեղեկատվություն է, որովհետև Միրզոյանի ամուսինը «ՀԺ»-ի հետ զրույցում պնդել էր, թե ինքն ու կինը տեղյակ չեն եղել վերջինիս` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին, մինչդեռ նշված տեղեկանքը ստանալու համար Միրզոյանը պետք է անձամբ ներկայանար անձնագրային բաժին, դիմում գրեր, որ ցանկանում է մասնակցել ԱԺ ընտրություններին, ինչի համար էլ իրեն հարկավոր է նման տեղեկանք:

Երեկ Միրզոյանը թերթի թղթակցի զանգին ի պատասխան անջատել է հեռախոսը: