Էրեբունի և Շենգավիթ համայնքները ներառող թիվ 12 ընտրատարածքի ընտրողների ցուցակներում ընդգրկված մարդիկ գրանցված են ավտոտնակներում և օբյեկտ-բազաներում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Մասնավորապես, «ՉԻ»-ն նշում է, որ այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա»:
Oրինակ, Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում գրանցված են Հայկուհի և Նարինե Նիկողոսյանները:
«Հարակից շենքի հարակից ավտոտնակ» անորոշ հասցեում գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն ևս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է:
Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա» ձևակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ագգանունը: Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում:
Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանը գրանցված է 104 մարդ:
Թերթը գրում է նաև, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է նաև, որ այս տարածքի մեջ է մտնում նաև Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան: