«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն այս շաբաթ ստորագրել է Սերժ Սարգսյանը, հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին: Այս մասին ասված է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ օգտագործել ՀՀ Զինված ուժերը:
Նախաձեռնությունը նշում է, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի համաձայն` «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։ Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով»:
Սահմանադրության 8.2 կետով ամրագրված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրները, ինչպես նաև քաղաքական չեզոքությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։
Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով ամրագրված են զինված ուժերն օգտագործելու դեպքերն ու կարգը` «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ արտակարգ դրության դեպքում զինված ուժերի օգտագործումը կարող է հանգեցնել կոնկրետ անհատի իրավունքի ոտնահարման:
«Սահմանադրության 46-րդ հոդվածով սահմանված` հայրենիքի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասնակցության պարտականությունը չի ներառում զինծառայողների ներգրավումը պետության ներսում արտակարգ դրության դեպքում: Հակասություն է առաջանում անձին մի նպատակով զորակոչելու և մեկ այլ նպատակով ծառայության նշանակելու հանգամանքների միջև. ըստ Սահմանադրության նա զորակոչվում է Հայաստանի Հանրապետությանը ծառայելու նպատակով, մինչդեռ ըստ դիտարկվող օրենքի` կարող է նշանակվել բոլորովին այլ ծառայության, ընդհուպ մինչև օգտագործվել նաև իր հարազատների դեմ. Հիրավի նեո-ենիչերական մոտեցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նպատակով զորակոչված անձանց ծառայության նկատմամբ: Բանակի միակ նպատակը երկրի և ժողովրդի պաշտպանությունն է արտաքին զինված հարձակումներից և այդ ռեսուրսի օգտագործումը արտակարգ դրության դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ երկրի պաշտպանունակության վրա ու վտանգել հայրենիքի սահմանների անառիկությունը… Բանակի ներգրավումը ներպետական գործընթացներում ուղղակիորեն նշանակում է «ներքին թշնամու» ռեակցիոն գաղափարախոսության անհրաժեշտության (հակառակ պարագայում ինչպես պետք է հիմնավորվի զինված ուժերի գործարկումը երկրի տարածքում ոչ արտաքին թշնամու դեմ) ` հանգեցնելով անտագոնիզմի, անհանդուրժողականության և ռեպրեսիաների: Արդյունքում էապես կնվազի Հանրապետության բովանդակ պաշտպանական զորությունը, քանի որ արտաքին թշնամու դեմ բանակը կմնա առնվազն առանց բնակչության մի զգալի մասի աջակցության, ինչպես նաև կկորցնի բարոյահոգեբանական ներուժի աղբյուրը», – նշված է հայտարարության մեջ:
Օրենքի հետ կապված մի շարք այլ մտահոգություններ հայտնելով՝ նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում են`
1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկմամբ Հանրապետության քաղաքացիներին և նրանց անօտարելի իրավունքներին և ազատություններին, Հանրապետության ինքնիշխանությանը, դրա տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը սպառնացող հետևանքների հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը, հակառակ Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածի պահանջների, չի հետևել Սահմանադրության պահպանմանը` հանգեցնելով նման հակասահմանադրական օրենքի ընդունման, ստորագրել է այն:
2. Ժողովուրդն իրավունք ունի Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին համապատասխան իրականացնելու իր անօտարելի իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` իր ինքնիշխանության վերահաստատման, սահմանադրական կարգի հաստատման և փոփոխման իրավունքները, այդ նպատակով իրացնելու հավաքների, խոսքի և այլ ազատությունների իրավունքը:
3. Զինծառայողներն իրավունք ունեն զինվորական ծառայության սահմանափակումների հաշվառմամբ անմիջականորեն գործել մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով պետության սահմանափակում նախատեսող Սահմանադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան` այդ նպատակով հրաժարվելով կատարել արտակարգ դրության պայմաններում Հանրապետության զինված ուժերի զինծառայողներին արտակարգ դրության ռեժիմի ապահովմանն ուղղված հրամանների կատարումից: