Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը, ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու համար:
«Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երևանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երևանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը»,- նշել է քաղաքապետը:
Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: «Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ Պետերբուրգում, և վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տարոն Մարգարյանը և Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը: