Home / Տեսանյութեր / Սարկոզին ներողություն է խնդրել պոտենցիալ Առաջին տիկնոջից

Սարկոզին ներողություն է խնդրել պոտենցիալ Առաջին տիկնոջից

Ֆրանսիայի գործող նախագահ, նախագահական ընտրությունների թեկնածու Նիկոլա Սարկոզին դատապարտել է իր կուսակից պատգամավորի հայտարարությունը, որում վերջինս «ռոթվելեր» է անվանել ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տարած ընդդիմադիր սոցիալիստ քաղաքական գործիչ Ֆրանսուա Օլանդի ընկերուհուն` լրագրող Վալերի Տրիերվելերին: Սարկոզին իր կուսակից ընկերոջ փոխարեն ներողություն է խնդրել Տրիերվեյլերից:

Հինգշաբթի` ի պաշտպանություն Սարկոզիի անցկացված հանրահավաքի ժամանակ, պատգամավոր Լիոնել Լյուկան հայտարարել է. «Օլանդն իր համար Վալերի Ռոթվեյլեր է գտել, ինչպիսի անարգանք կենդանի հանդեպ»: Լրագրողների խնդրանքին` մեկնաբանել իր խոսքերը, պատգամավորը շանը շատ «ծիծաղելի» է անվանել, հավելելով, որ «ռոթվելերը երբեք և ոչ ոքից ոչինչ չի խնդրում», ի տարբերություն սոցիալիստ թեկնածուի ընկերուհու:

«Ես դատապարտում եմ այս հայտարարությունը և ոչ մի կապ չունեմ դրա հետ…Կարող եմ նաև ասել Վալերի Տրիերվելերին, որ ցավում եմ, եթե նրան վիրավորել են այդ խոսքերը, և որ նա կարող է դրանք քարոզարշավի հաշվին գրանցել, այդ բառերը կցնդեն և դրանց հետքն էլ չի մնա»,- հայտարարել է Սարկոզին` նշելով, որ անձամբ ինքը երբեք նման բան չէր անի:

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», Սարկոզիի խոսքով`իրեն դուր չէր գա, եթե ինչ-որ մեկն իր տիկնոջը ռոթվելեր անվաներ: