Ապրիլի 30-ի երեկոյան ոստիկանները գտել և հարցաքննել են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին հարվածած քաղաքացուն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հեսլինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ ապրիլին 30-ին, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները նախընտրական քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան տղամարդ և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է:
Նինա Կարապետյանցը պատմել է, որ իրենք երեկ գնացել են դատաբժշկի մոտ, և վերջինս արձանագրել է Վեզիրյանի վնասվածքները: Եզրակացությունը դատաբժշիկը կուղարկի քննիչին:
Վեզիրյանը փաստաբանի ուղեկցությամբ նաև այցելել է քննիչին և ցուցմունք է տվել տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Քննիչը նրանց հաղորդել է, որ ոստիկանները գտել են Վեզիրյանին հարվածած քաղաքացուն:
«Երեկոյան այդ մարդուն գտել են, և պարզվել է, որ այն տունը, որտեղից նա դուրս է եկել, անգամ իր տունը չի եղել` հարևանինն է եղել: Ինքը բացատրություն է տվել և ասել է, որ թեև բարձր տոնով խոսել է, բայց Արմանին չի հարվածել: Իրականում երկու անգամ հարվածել է աչքին, ու վնասվածքներն առկա են», – ասել է Նինա Կարապետյանցը:
Հեսլինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, մեկնաբանելով Արման Վեզիրյանի հետ տեղի ունեցածը, ասել է, որ ինքը վստահ էր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ չի փոխվի ոչ մի բան և նույն մեթոդները կօգտագործվեն:
«Ես ցավում եմ, որ մինչև հիմա ոչ մի հ/կ, որը զբաղվում է դիտորդական առաքելությամբ, լրջորեն չի դիտարկում քարոզարշավի ընթացքը և իր գործունեությունը ծավալում է միայն ընտրությունների օրերին: Եվ, ցավոք, Արմանի այնտեղ հայտնվելը սխալ է մեկնաբանվում, իբր թե ինքը դիտորդ լինելով՝ մասնակցում է քարոզարշավի, բայց դա դիտորդի առաքելությունն է: Եթե ինքը զբաղվում է ընտրության դիտարկմամբ, ապա նա պետք է դիտարկում անի ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև դրան նախորդող և հաջորդող ընթացքը», – ասել է Դանիելյանը:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի Facebook-ի էջից