Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրել է «Փուչիկներ` տականքին» վերնագրով տեսանյութ (Youtube-ում այն տեղադրել է ), որի վրա երևում է, թե ինչպես մայիսի 4-ին Հանրապետության Հրապարակում այրվածքներ ստացած մի քանի երիտասարդներ փորձում են «Հավատանք, որ փոխենք» գրությամբ փուչիկներ նվիրել ԱԳՆ նախկին նախարար, ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Օսկանյանին:
Մեքենայի մեջ նստող Օսկանյանը, ում երիտասարդները, հավանաբար, սպասում էին ընտրատեղամասի մոտ, հրաժարվում է «նվերից», իսկ կադրում լսվում է տղամարդու ձայն, ով դիմում է Վարդան Օսկանյանին հետևյալ խոսքերով. «Ինչո՞ւ չվերցրեցիք, Պարոն Օսկանյան, երեխաներն ուզում են նվիրել»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ գրանցված միջադեպից հետո, որի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով մոտ 150 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ապշած է, որ միջադեպից հետո համերգը շարունակվել է:
«Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել: Ոչ միայն համերգ չպետք է լիներ, այլև որևէ ելույթ անթույլատրելի էր այդ պայմաններում», – գրե; էր Օսկանյանը:
Օսկանյանի գրառմանը հետևել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արձագանքը, ով Facebook-ի իր էջում գրել էր, որ Վարդան Օսկանյանից շատ անբարոյականություններ էր սպասում, «բայց դժբախտության վրա օչյոկ հավաքելը հրեշություն է և ստորություն»: