Home / Տեսանյութեր / ՀՅԴ-ին անհնար է մեղադրել նացիոնալիզմի մեջ. DIY ակումբի հրկիզման մասին

ՀՅԴ-ին անհնար է մեղադրել նացիոնալիզմի մեջ. DIY ակումբի հրկիզման մասին

ՀՅԴ-ն  դեմոկրատական, սոցիալիստական կուսակցություն է, որ գործում է ՀՀ Սահմանադրության համաձայն, որը և արգելում է  այլատյացությունը, ուստի  անհնար է նման կուսակցությանը մեղադրել նացիոնալիստական լինելու մեջ:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը` անդրադառնալով Երևանի կենտրոնում գտնվող և պանկ երգիչ Արմինե Օգանեզովային (Ծոմակ) պատկանող DIY բարի հրկիզման թեմային: Բարը պայթեցրել են իրանահայ եղբայրները` Համբիկն ու Արամեն:

«Ցավում եմ, որ Օգանեզովան ՀՅԴ-ն նույնացնում է ազգայնականների հետ: Այդ սխալը միայն իր կողմից չէ թույլ տրվում, ցավոք, բայց շատ լուրջ մտագործունեական սխալ է»,- ասել է Մանասյանը:

Հիշեցնենք, որ  DIY  ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան այսօր լրագրողների հետ  հանդիպմանը ասել է, որ իր բարը մայիսի 8-ին պայթացրած եղբայրներից մեկի` Արամեի  ազատման համար գրավը վճարել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Մանասյանն ասել է, որ իրենց կուսակցությունը տոտալիտար համակարգ չէ,  կուսակցության որոշումներն են պարտադիր, սակայն անդամներն ազատ կարծիք ունենալու և արտահայտելու իրավունք ունեն, ուստի նա խորհուրդ է տվել Արծվիկ Մինասյանից հարցնել` ինչու է նա գրավը վճարել, սակայն այդ փաստը չկապել  կուսակցության հետ: Մանասյանը ասել է, որ  DIY-ի խնդիրը քաղաքական խնդիր չէ, այլ քրեական և իրավական գործընթացով պետք է լուծվի:

Այսօր խնդրի առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Նա հայտարարել է, որ դատապարտում է «ակումբի սեփականատերերի  և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը» և հատկապես ՀՅԴ  անվան շահարկումը:

«Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Դրական եմ համարում այն, որ  դատարանը այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշում է ընդունել: Հույս  ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչ դատական վարույթի, այնպես էլ դատական քննության  ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական  ճշմարիտ գնահատական: Ուստի առաջարկում եմ  չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»,-  իր հայտարարության մեջ ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը, խոսելով ազգայնականության մասին, այս տարվա հունվարին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, թե ազգայնական լինելուց չպետք է ամաչել:

«Այո, ես ազգայնական եմ, և դա բոլորովին էլ չի նշանակում, թե իմ ազգը մյուսներից լավն է: Դա նշանակում է ընդամենը, որ նա ոչ մի բանով վատը չէ մյուսներից և արժանի է ոչ պակաս, քան մյուս ազգերը: Ես դա պետք է ապացուցե՞մ: Ճիշտ է: Ահա այդ պատճառով էլ, որպեսզի դա ապացուցեմ, որպեսզի իմ երկիրն ու իմ ժողովրդին դարձնեմ արժանի նրան, ինչ ես ցանկանում եմ նրանց, ես ազգայնական եմ, պարտավոր եմ և պետք է ծառայեմ միայն իմ ժողովրդին, միայն իմ երկրի ու իմ ազգի շահերին, ուրիշ ոչ մի բանի», – հայտարարել էր Հովհաննիսյանը:

Լուսանկարը` aravot.am-ի