Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովն առաջարկում է 2013 թվականին Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ամերիկյան օգնությունը հասցնել 5 միլիոն դոլարի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախատեսած 2 միլիոն դոլարի փոխարեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանին տրամադրվելիք օգնության առնչությամբ ենթահանձնաժողովի առաջարկն է` պահպանել այն ընթացիկ տարվա 40 միլիոն դոլարի մակարդակում և չկրճատել 7.2 միլիոն դոլարով, ինչպես եկող տարվա արտաքին օգնության մասին օրինագծում նախատեսում է ԱՄՆ-ի վարչակազմը։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունների համաձայն, այս շաբաթ ընդունած նախագծում, որը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում քվեարկվելու է այսօր, ենթահանձնաժողովը առաջարկում է նաև պահպանել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության հավասարակշռությունը` 2.7-ական միլիոն դոլար` որպես արտաքին ռազմական ֆինանսավորում, և ևս 600-հազարական դոլար` միջազգային ռազմական կրթության և վարժանքների համար։