Երգչուհի Նունե Եսայանը, Ստամբուլում վերջերս համերգներ ունենալով, հաճելիորեն զարմացել է` այնտեղ հիանալի հայ համայնք տեսնելով: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը:
Երգչուհին ասել է, որ Ստամբուլում տեսել է ավելի քան 30 հայկական դպրոց ու եկեղեցի, ինչը չկա շատ այլ հայկական համայնքներում, այցելել է նաև Դինքի գերեզման և հանդիպում ունեցել նրա ընտանիքիի հետ:
«Վերջին տարիներին նման համերգ չէի ունեցել: Էս անգամ, կարծես, նոր Նունե Եսայան էր: Մոտ քսան հազար մարդ էր մասնակցում համերգին, արդեն 10 օր առաջ տոմսերը սպառված էին»,- ասել է Եսայանը` բացատրելով, որ իր հանդեպ սիրով է պայմանավորված այն փաստը, որ հայկական կայքերից մեկը աղավաղել է իր խոսքերը:
««Հուրիեթ դեյլիին» տված հարցազրույցում ես իրականում ավելի կոշտ, կոպիտ եմ խոսել, քան լրագրողը գրել է: Այո, ես համարում եմ, քաղաքականապես սահմանը փակ է, սակայն մեր սրտերը սահմաններ չեն ճանաչում: Ես նկատի ունեմ արվեստագետներիս: Արվեստը իրոք սահմաններ չի ճանաչում: Ես չեմ ասել` հայի սիրտն է բաց թուրքի առաջ: Եթե որևէ հայ լրագրող ենթադրություններ է արել, ապա իրեն հարգող խմբագիրը պետք է նրան գործից հեռացնի: Այո, վիրավորվում ես, երբ գնում ես քո թշնամու երկիր, գնում ես` քո սիրտը բացել տեղի հայերի համար ու տեսնում ես` ինչեր են գրել»,- ասել է Եսայանը:
Թուրքական թերթի հետ զրույցում Եսայանը ասել է նաև, որ ինքը պատրաստ է թուրք երգչի հետ երգել, բայց միայն խաղաղասիրական, ապագայի և ճշմարտության մասին երգ:
Արվեստի` սահմաններ չունենալու մասին Նունե Եսայանի խոսքից հետո` նրան լրագրողներից մեկը հարց է ուղղել Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին: Ի պատասխան` Եսայանն ասել է. «Մենք կարող ենք թուրքին Հայաստան չթողնել, քանի որ թուրքը Հայաստանում գաղութ չունի: Ինչ վերաբերում է նրանց գալուն` դա լրիվ ուրիշ հարց է, ինչին չեմ կարող պատասխանել», – ասել է Եսայանը:
Լուսանկարը` Նունե Եսայանի Facebook-ի էջից