Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նամակով դիմել է իր նախկին գործընկերներին և հայտնել, որ իր հնարավորությունները՝ «պաշտպանել բուհի բարի համբավը անհարկի և անհիմն ոտնձգություններից», այս պահին սպառված են:
Նամակում, որի տեքստը Epress.am-ին տրամադրել է համալսարանի աշխատակցը, մասնավորապես ասված է. «17.04.2012թ.-ի արտահերթ և ընդլայնված գիտական խորհուրդը որոշեց «հանձնարարել ԵՊԼՀ ռեկտորին` դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/ Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաև ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված իրավական ակտերի օրինաչափության և վերադաս օրենսդրության համապատասխանության հայցով»:
Սակայն ԵՊԼՀ արտահերթ և ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ.-ի որոշումը մինչ օրս կատարված չէ»:
Ըստ Զոլյանի` ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը մերժեց ընդունել հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ «…հայցադիմումը ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը: Հետևաբար հայցադիմումը պետք է վերադարձնել, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայցադիմումը վերադարձվում է, եթե այն ստորագրված չէ կամ ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը»:
«Իրոք, կա անհամապատասխանություն, քանի որ վերոնշյալ հայցադիմումը ս.թ. ապրիլի 17-ին ստորագրվել է իմ կողմից և կնքվել ԵՊԼՀ կնիքով: Սակայն ԵՊԼՀ աշխատակազմի ղեկավար և իրավախորհրդատու Ն. Ներսիսյանի, ինչպես նաև Գրասենյակի աշխատակիցների անփութության պատճառով ուղարկվել է դատարան միայն ս.թ. մայիսի 8-ին: Ստորագրման և առաքման ժամկետների նման անհամապատսխանությունը հիմք է ծառայել դատարանի կողմից հայցադիմումը ետ վերադարձնելու համար:
Նման պայմաններում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանը ս.թ. մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի հետևյալ անդամների կողմից՝ ԵՊԼՀ իրավական, վարչական և տնտեսական գծով պրոռեկտոր Գ. Բալայան, Աշխատակազմի ղեկավար և իրավախորհրդատու Ն. Ներսիսյան, Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գ. Մարկոսյան, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ն. Մանասյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյան:
Չնայած որ վարչական դատարանը ետ է վերադարձրել հայցադիմումը, սակայն դեռևս հնարավորություն կա բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը պետք է արվի սեղմ ժամկետներում», – ասված է Զոլյանի նամակում:
Նախկին ռեկտորը հիշեցրել է, որ այս հարցը վերաբերում է ոչ թե իր անձին, այլ ողջ համալսարանին, ուստիև ամեն մի համալսարանականի պատվին և արժանապատվությանը:
«Թույլ տվեք հուսալ, որ գոնե այս հարցում ԵՊԼՀ-ի նոր ղեկավարությունը և դասախոսական անձնակազմը ի վիճակի կլինի առնվազն փորձել տեր կանգնել իր իսկ ընդունած որոշմանը և պաշտպանել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օրեցօր նվազող հեղինակությունը», – իր նամակը եզրափակել է Զոլյանը: