«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված դիտորդական առաքելության արդյունքները` արձանագրելով մի շարք խախտումներ:
Կազմակերպությունը նշում է, որ դիտորդական առաքելությանը մասնակցել են 3 դիտորդական խմբեր, իսկ Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդները շրջել են Երևանի տարբեր ընտրատեղամասերով Վրաստանից ժամանած գործընկերների հետ:
Հելսինկյան ասոցիացիան հրապարակել է դիտորդների բացահայտած ընտրախախտումների ընդհանրական և մասնավոր հետևյալ դեպքերը.
«Քաղաքացիների անձնագրերում դրված դրոշմակնիքների անհետացում րոպեների ընթացքում, քվեախցիկներում այլ (քվեարկված) քվեաթերթիկների առկայություն, ընտրակաշառքի բաժանում, մարդկային կուտակումներ, ընտրացուցակներում Հայաստանից բացակայող անձանց անունների առկայություն, նույն անձի կողմից մեկից ավելի անգամ իրականացվող քվեարկություն, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների գործունեության խոչընդոտում, «Գազել» մակնիշի մեքենաներով քաղաքացիների տեղափոխում դեպի ընտրատեղամասեր, ընտրատեղամասերի և քվեախցիկների անհամապատասխանություն միջազգային, նաև տեղական ստանդարտներին, սխալ տեղակայվածություն, քվեարկության գաղտնիության ապահովման պահանջի խախտում, քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին այլ անձի կողմից օգնություն տրամադրելու կարգի խախտում, ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն, ընտրելուց հետո իրենց քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր, հաշմանդամների ընտրական իրավունքի ոչ պատշաճ ապահովում գրեթե բոլոր ընտրատեղամասերում, միևնույն կուսակցությունից 1-ից ավել ներկայացուցիչներ ընտրատեղամասում, վստահված անձանց միջամտություն ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, հարազատների անձնագրերով վերջիններիս փոխարեն քվեարկություն՝ ընտրական հանձաժողովի կողմից դրսևորվող անտարբերության պայմաններում››:
Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ ըստ օրենքի` ընտրություններից 2 օր առաջ պետք է դադարեցվեր քարոզչությունը և պետք է հանված լինեին թեկնածուների և կուսակցությունների պաստառները: Իսկ օրենքը խախտվել էր հիմնականում իշխող Հանրապետական կուսակցության և այս կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների կողմից (Ռուբեն Հայրապետյան, Գարեգին Նուշիկյան, Մհեր Սեդրակյան…), բազմաթիվ էին քաղաքում շրջող ավտոմեքենաները, որոնց ապակիներին փակցված էին իշխող Հանրապետական կուսակցության դրոշակներ:
Հելսինկյան ասոցիացիան նաև արձանագրել է քվեախցիկների սխալ դասավորվածության հետ կապված խախտումներ, օրինակ, իր ընտրախցիկին մոտեցող մարդը կարող է տեսնել` ինչպես է քվեարկում մեկ այլ քաղաքացի:
Մի քանի ընտրատեղամասերում Հելսինկյան ասոցիացիայի դիտորդները նկատել են դեպքեր, երբ վստահված անձինք գոռգոռում էին հանձնաժողովի նախագահների վրա:
«Գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց նկատվում էր այսպես կոչված «քրեական հեղինակությունների» ներկայությունը, մարդկանց կուտակումներ, ովքեր ընտրության չէին մասնակցում այդ պահին և առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ, որոշ տեղամասերում նաև «Գազել» մակնիշի մեքենաներ››, – նշում է կազմակերպությունը:
Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիան այսօր իր հայտարարությունը և տեսանյութը տեղադրել է սեփական` hahr.am կայքում, որից կես ժամ անց կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Այժմ կայքի աշխատանքը մասնակիորեն վերականգնվել է: