Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը «Եվրատեսիլ-2012»-ի ընթացքում ահաբեկչական դիվերսիոն ակցիա նախապատրաստող զինված հանցավոր խմբավորում է վնասազերծել Բաքվում: Այս մասին հաղորդել է նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Գերատեսչության տվյալներով`միջազգային զինված հանցավոր խմբավորման նպատակը սադրիչ ահաբեկչական ակցիաների իրականացումն էր «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ընթացքում: Մասնավորապես, պայթյուններ և զինված հարձակումներ էին նախատեսվում Hilton Baku և JW Marriot Hotel Absheron հյուրանոցներում: Բացի դա, խոշոր պայթյուններ պետք է իրականացվեին Baku Crystal Hall համերգասրահում և Ադրբեջանի պետական դրոշի հրապարակում:
Հիշեցնենք, որ երգի մրցույթը անց էր կացվում 2012 թվականի մայիսին Baku Crystal Hall համերգասրահում, որը կառուցվել է Կասպից ծովի ափին հատուկ «Եվրատեսիլի» համար: