ԱԺ հարթակում չհամագործակցելը որևէ ուժի հետ աբսուրդ է. պետք է համագործակցել գաղափարի շուրջ, ոչ թե անձերի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հավանական է համարում ԱԺ-ում ներկայացված քիչ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելը` օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար:
Արզումանյանն ասել է, որ նախագահական ընտրություններին «Ազատ դեմոկրատները» պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվի: Արզումանյանը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու, սակայն հրաժարվել է հիմնավորել իր կարծիքը:
«Այն, որ միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալով է որ ռեժիմի համար լուրջ խնդիրներ են ստեղծվում վերարտադրվելու, ոչ թե իմ կամ որևէ մեկի կարծիքն է, այլ ապացուցվել է մեր 20 տարվա պատմությամբ: Սակայն 2013թ. կունենանք նման միասնական թեկնածու, թե ոչ, չեմ կարող կանխատեսել: ԲՀԿ-ի հարցում, օրինակ, ես համոզված էի, որ նա կմտնի կոալիցիայի մեջ: ԲՀԿ-ի այդ քայլը մի փոքր հետարքրքություն մտցրեց: Սակայն ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա թե ոչ, վաղ է ասել: Մենք կտեսնենք` ինչպես այն կաշխատի ԱԺ-ում, ԲՀԿ-ն ինքը պետք է ներկայանա հասարակությանը: Հայաստանի մթնոլորտը այնպիսին չէ, որ խոշոր բիզնեսմենը կարողանա ընդդիմադիր լինել: Մեզ հարազատ Ռուսատանում, օրինակ, ամենախոշոր բիզնեսմենը, Խոդորկովսկին, նման քայլ արեց, և բոլորս գիտենք, որտեղ է նա հիմա»,- ասել է Արզումանյանը:
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին և հայ-ադրեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական դիվեսիային` Արզումանյանը ասել է, որ կիսում է կարծիքը, թե այդ հարձակումների ժամանակը հատուկ է ընտրված:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, ապա. Արզումանյանի խոսքով, պատերազմ կսկսվի միայն այն ժամանակ, երբ ուժերի բալանսը խախտված լինի, և Ադրբեջանը վստահ լինի, որ հարձակման դեպքում հաղթանակ կտանի:
«Հայտարարել, որ բալանսը շեղվում է ի վնաս մեզ, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգ ունենք, բայղուշություն է, և անկախ նրանից` ինչ կուսակցության ենք պատկանում, մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանը: Այլ հարց է, որ մեր դիվանագիտությունը տկար է և պետք է ավելի ջանք գործադրի իրականությունը միջազգային հանրությանը ցույց տալու համար»,- ասել է Արզումանյանը: