Ամառային սեզոնով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործը բացվում է հունիսի 15-ից: Այս մասին, aravot.am-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:
Նրա հավաստմամբ, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի լուծված է վագոնների հովացման հարցը, բացի այդ գործում է բուֆետ: Անվտանգության առումով էլ ուղևորները կարող են չանհանգստանալ, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիները» ձեռք է բերել լաբորատորիա, որն, ինչպես տնօրինության պետն է ասում, «ճանապարհին հայտնված կամ մոտ գտնվող ցանկացած, անգամ` ծառը, համակարգչում ցույց է տալիս»: Երևան-Բաթումի ճանապարհի տևողությունը 3 ժամով կրճատվել է` դառնալով 16 ժամ:
Վագոնների սանիտարահիգիենիկ վիճակի հարցը նույնպես լուծված է: Պարոն Մովսիսյանի տվյալներով` յուրաքանչյուր գնացք կարող է ունենալ 17 վագոն և տեղափոխել 648 ուղևոր: Ընկերությունը հույս ունի, որ այս տարի իրենց ծառայությունից կօգտվի 50 հազար մարդ, նախորդ տարվա` 42 հազարի փոխարեն:
Գնացքի տոմսերը, հունվարի 12-ից սկսած, ինտերնետային վաճառքով էլ կլինեն:
VIP`կառավարական վագոնով երթևեկելու տոմսն արժե 370 հազար դրամ` միայն մի ուղղությունը: Այն ունի խոհանոց, հյուրասենյակ, լոգասենյակ` տաք ու սառը ջրով:
Սովորական պայմաններով երթևեկելը ուղևորի վրա կնստի 10-ից 14, 16 հազար դրամ:
Հուլիսի 1-ից գործելու է նաև Երեւան-Սեւան-Շորժա Էկետրագնացքը: Մինչև Սևան տոմսն արժե 500 դրամ, Շորժա` 700 դրամ: Գնացքը կուղեւորվի Երևանի «Ալմաստ» կառամատույցից:
Ընկերությունը մի նորամուծություն էլ է արել. ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կարող են Ռուսաստանի ցանկացած երկրամասի գնացքի տոմս գնել Հայաստանում: