Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների փոխարեն այժմ սրճարաններ են: Երբ կրպակները ապամոնտաժվել էին, և հարցը, կարծես, լուծվել, «Մեր քաղաքը» և «Մենք են այս քաղաքի տերը» նախաձեռնությունները տարածել էին հայտարարություն, որտեղ մտահոգություն էին հայտնում, թե Աբովյան փողոցի տվյալ հատվածում սրճարան է կառուցվելու: Այս հայտարարությանը արձագանքելով` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանը հավաստիացրել էր, թե որևէ օբյեկտ չի լինելու կրպակների փոխարեն:
Epress.am-ի հետ զրույցում Գևորգյանը հաստատել է, որ շինություն Աբովյան փողոցի վրա չի կառուցվելու, գոնե քանի դեռ քաղաքապետն է Տարոն Մարգարյանը: «Խնդրում եմ` բացօթյա սրճարանը մի խառնեք կառուցված կրպակների հետ: Այո, քաղաքապետարանը սրճարանի թույլտվություն տվել է: Սա սեզոնային բնույթ է կրում»,- ասել է Գևորգյանը:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Աշոտ Խաչատրյանն էլ Epress.am-ին ասել է, որ ինքը զրուցել է նորաբաց սրճարանի տիրոջ` նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանի հետ, ով ասել է, թե ինքը սրճարան կառուցելու թույլտվություն ունի. «Դա փոխհատուցում է` տրված քաղաքապետարանի կողմից, սրճարանը ընդգրկված է Երևանի նախագծում: Մենք պատրաստվում են ստորգետնյա զուգարան կառուցել սրճարանի հարևանությամբ»,- Խաչատրյանի փոխանցմամբ` ասել է սրճարանի տերը: