13:00-ին Մոսկվայում մեկնարկած «Միլիոնների երթին» մասնակցում է շուրջ 10,000 մարդ: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՌԴ ՆԳՆ-ն: Երթի կազմակերպիչները, սակայն նշում են, որ 20,000-50,000 մարդ է միացել ակցիային: Նշենք, որ «Միլիոնների երթը» նպատակ ունի հասնելու երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականին և նոր, արդար ընտրությունների անցկացմանը:
Երթից հետո` 15:00-ին Սախարովի պողոտայում հանրահավաք է տեղի ունենալու: Մոսկվայում անվտանգությունն ապահովում են ոստիկանության շուրջ 12,000 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ երթի նախօրեին` հունիսի 11-ի առավոտյան խուզարկումներ էին իրականացվել ընդդիմադիր 7 ակտիվիստների բնակարաններում: Իրավապահները առգրավել էին մեծ քանակությամբ տեխնիկա, համակարգիչներ, իսկ հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի տանից` 1,5 մլն եվրո գումար: Այսօր առավոտյան նրանք կանչվել էին հետաքննչական կոմիտե` մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին ցուցմունք տալու: Ընդդիմադիր գործիչները վստահ են, որ պետական մարմինները դիմում են նման գործողությունների երկրում վախի մթնոլորտը մեծացնելու և մարդկանց բողոքի ձայնը լռեցնելու նպատակով: Երեկ Twitter միկրոբլոգում «Ողջույն 37 թիվ» արտահայտությունը դարձել էր ամենապոպուլյարը, մարդիկ խուզարկությունները համեմատում էին խորհրդային տարիների բռնաճնշումների հետ:
Այսօր քննչական կոմիտե այցելած ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը, Քսենիա Սոբչակը, և այլք հույս են հայտնել, որ ցուցմունք տալուց հետո գոնե իրենց կհաջողվի միանալ այսօրվա բողոքի ակցիային:
Լուսանկարները` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգից