Այսօր առավոտյան Ազգային Ժողովի հետնամուտքի մոտ միանձնյա բողոքի ակցիա անցկացնող ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից «Հայրապետյան մարդասպան», «Ալեքսանյան խուլիգան» գրառումներով պաստառներն այս անգամ էլ խլել ու պատռել է Գևորգ Մելքոնյանը՝ հանրությանը հայտնի ՀՀՇ-ի Գևորիկ անունով (նախկինում սատարել է ՀՀՇ-ին, այժմ` ՀՀԿ-ին): Այս մասին Epress.am-ի թղթակցին պատմել է ինքը` Գևորիկը:
«Տեսա Գասպարին կանգնած էր, մոտեցա, ձեռքից խլեցի ու ճղեցի, բա հո չէ՞ի թողնի , որ վարկաբեկի մեր կուսակցությանը, լավ եմ արել (նկատի է ունեցել Հանրապետական կուսակցությանը – խմբ.)», – ասել է Գևորիկը:
Epress.am-ը նաև զրուցել է Վարդգես Գասպարիի հետ, ով հաստատել է, որ իրեն մոտեցել է Մելքոնյանը, խլել ու պատռել է պաստառներն:
«Երբ պաստառները պատռեց, ես զայրացա ու սկսցեի բղավել` «Հանրապետականներ, բանդաներ, խուլիգաններ»», – պատմել է Գասպարին:
Ավելի ուշ նա հեռացել է, սակայն խոստացել է, որ ինքը շարունակելու է իր միանձնյա ակցիաները:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԺ հետնամուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացրել՝ բողոքելով հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Երբ ակտիվիստը հարցազրույց էր տալիս իր ակցիայի մասին, նրան էր մոտեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Վարդգես Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին տապալել նրան: Այդ ողջ ընթացքում Գասպարին բացականչում էր` «խուլիգան Ալեքսանյան»: