Մինչև 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի և Ավստրիայի առևտրաշրջանառությունը նկատելի աճ էր արձանագրում, սակայն ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց առևտրատնտեսական կապերի վրա, և շրջանառության նախկին ծավալը դեռևս չի էլ վերականգնվել: Այս մասին այսօր Երևանում կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովին մասնակցել է նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
«Կարևորում եմ հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեությունը՝ որպես արդյունավետ հարթակ տնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Իսկ այդ կապերի առաջանցիկ զարգացման համար մեծ դեր կարող է ունենալ հատկապես Ավստրիայում բնակվող փոքրաթիվ, բայց գործուն հայկական համայնքը:
Բարձր եմ գնահատում նաև այն հանգամանքը, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընդգրկվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում: Հուսով եմ՝ մոտ ապագայում կյանքի կկոչվեն գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում քննարկվող համատեղ ծրագրերը: Ավելացնեմ, որ երկու ոլորտներն էլ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, և այդ ծրագրերի իրականացումը կարևոր է ոչ միայն մեր տնտեսության զարգացման, այլև անվտանգության տեսանկյունից:
Հայաստանը մեծ ներուժ ունի էլեկտրաէներգիայի արտադրման, ինչպես նաև արտահանման ասպարեզում, ինչը նույնպես ավստրիական ընկերությունների համար համագործակցության լայն հեռանկարներ է բացում: Հայաստանը մեծ թափով հետազոտում և օգտագործում է վերականգնվող էներգիայի բոլոր ճյուղերում առկա հնարավորությունները: Զգալի ներդրումներ ենք կատարում արևային, հողմային և հիդրո էներգիայի ոլորտներում: Լուրջ ծրագրեր ունենք օգտագործելու երկրաջերմային էներգիայի հնարավորությունները:
Մենք ռազմավարական նպատակ ունենք 2025 թվականին վերականգնվող էներգիայի սպառումը հասցնել 35%-ի: Ինչո՞ւ չօգտագործել Հայաստանի հնարավորություններն այս բնագավառում: Կարծում եմ ԵՄ-ն հավաքականորեն և Ավստրիան՝ անհատապես, հանդիսանում են այն գործընկերները, որոնք կարող են ՀՀ էներգետիկ ոլորտում խրախուսել արտաքին ներդրումները», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ ներկայումս իրականացնում են նաև մեծ ենթակառուցվածքային ծրագրեր:
«Կառուցում ենք Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղին, որը սևծովյան նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրվում է նաև Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումը: Մեր որոշ եվրոպական գործընկերներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այս ծրագրերին: Ավստրիացի գործարարներին կոչ եմ անում ակտիվ համագործակցություն հաստատել իրենց հայ գործընկերների հետ՝ դրանով իսկ առանցքային ներդրում ունենալով նաև մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը», – նշել է ՀՀ նախագահը։